Մարտի 25-ին բողոքի տպավորիչ ցույց է տեղի ունեցել Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության բակում։ Ինչպես Նիկոսիայից տեղեկացնում է «Ազգի» թղթակից Ջորջ Տեր-Բարթողը, ցույցին մասնակցել են դպրոցի ուսանողությունը, «Նարեկ» ազգային վարժարանի աշակերտությունը, կղզու տարբեր քաղաքներից ժամանած հայեր, հայկական եւ հունական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Աշակերտների վեր պարզած պաստառների վրա կարելի էր կարդալՙ «Մեր դպրոցը ծախու չէ», «ՍՕՍ-Փրկեք մեր դպրոցը» եւ այլ կարգախոսներ։ 8 տարեկան ժպտուն մի երեխայի բարձրացրած պաստառի վրա գրված է եղելՙ «Ի՞նչ է պատահելու ինձ»։
«Լուռ, արժանապատիվ, ուժեղ բողոքի ցույց էր, գրում է «Ազգի» թղթակիցը։ Մարդիկ բողոքում էին դպրոցը փակելու մասին ՀԲԸՄիության ղեկավարության որոշման դեմ»։ Կիպրոսի խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ Պրոդրոմոս Պրոդրոմուն, որին ներկաները ողջունել են մեծ խանդավառությամբ, հայտարարել է. «Այս դպրոցի փակումը վիճարկելի չէ։ Հիմա ժամանակն է դպրոցներ կառուցելու եւ ոչ թե փակելու»։
Ցուցարարները ծաղկեպսակ են զետեղել դպրոցի բակում գտնվող բարերարներՙ Մելգոնյան եղբայրների շիրիմին։