«Ազգի» երեկվա համարում տպագրված հաղորդագրությամբ արդեն տեղեկացրել ենք, որ կիպրական իշխանությունները սկսել են միջամտել եւ պահանջել ՀԲԸՄիության ղեկավարությունից վերանայելու 2005 թ. հունիսին Մելգոնյան վարժարանը փակելու իր որոշումը։ Երեքշաբթի օրը խորհրդարանական բուռն քննարկումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում, ըստ Նիկոսիայից «Ֆայնենշլ միրոր» թերթի հրատարակիչ, լրագրող Մասիս Տեր-Բարթողի, կրթության հանձնաժողովի նախագահ Պրոդրոմոս Պրոդրոմուն պահանջել է ՀԲԸՄ-ից, որ Ներկայացուցիչների պալատին տեղեկացնի վարժարանի ապագայի վերաբերյալ իր ծրագրերը։ Նա բավարար չի համարել ՀԲԸՄ-ի վարձած ամերիկացի ներկայացուցիչ Գորդոն Անդերսոնի բացատրությունը, թե «միությունը շենքը վաճառելու մտադրություն չունի, այլ միայն քննարկում է գործունեության այլընտրանքային տարբերակներ»։ Նրան են միացել նաեւ խորհրդարանական Յոնաս Նիկոլաուն եւ օրենսգիր Նիկոս Տորնարիտիսը, որոնք հիշեցրել են, որ գլխավոր մասնաշենքերը Կիպրոսի ազգային ժառանգության մաս կազմելու գործընթացում են գտնվում։ «Դպրոցը փակելը ուրիշի իրավունքների կոպիտ խախտում է եւ անպատվություն», ասել է Տորնարիտիսը ձայնը բարձրացնելով ՀԲԸՄ-ի պատվիրակության անդամների վրա։ Նիկոլաուն խիստ քննադատել է «ուժեղ-բռունցքի» քաղաքականությունը, որով առաջնորդվում է ՀԲԸՄ-նՙ առանց հաշվի առնելու տեղական վարչության հակառակ պնդումներն ու առարկությունները։
Ամենօրյա սովորական դպրոցի վերածելու կամ այլ դպրոցների հետ համագործակցելու ՀԲԸՄ-ի ներկայացուցչի բացատրությունները բոլորովին անտրամաբանական համարելովՙ Պրոդրոմուն պահաջնել է հստակ ծրագրերի ներկայացում. «Երկու հարյուր ուսանողների ճակատագիրը վտանգված է, եւ մենք չենք ցանկանում հանդուրժել այս անորոշ իրավիճակը»։
Առանձնակի դժգոհություն է առաջացրել խորհրդարանում Գորդոն Անդերսոնի անբռնազբոս հարձակումը հայազգի ներկայացուցիչ Պետրոս Գալայճյանի վրա, որը հարցը քննարկման առարկա էր դարձրել խորհրդարանում։ Գորդոնին կարգի հրավիրելով պահանջել են նրանից փաստերը չաղավաղելՙ հիշեցնելով նրան «Նարեկ» վարժարանի վարչության նախագահ դոկտ. Վահագն Ադամյանի նախօրոք արած հայտարարությունը, թե դպրոցի շրջանավարտներից 220-ը ցանկություն էին հայտնել ուսումը շարունակելու Մելգոնյանում։ Կիպրոսի շրջանավարտների եւ ծնողական խորհրդի շահերը ներկայացնող Մասիս Տեր-Բարթողն իր հերթին ներկաներին տեղեկացրել է այդ կազմակերպությունների հետ բանակցելու ՀԲԸՄ-ի դժկամության մասին։ Նա հաստատել է այդ կազմակերպությունների պատրաստակամությունըՙ ստանձնելու վարժարանի ղեկավարությունը եւ կոչ է արել պալատին պաշտպանելու վարժարանի տարածքի վերաբերյալ կանաչների ներկայացրած բանաձեւը, որը դեմ է առեւտրականացմանը։ «Ակել» եւ «Դիկո» կուսակցությունների խորհրդարանականները խոստացել են պաշտպանել տարածքի ստատուսը։ Շրջանավարտների միությունը բազմիցս զգուշացրել է, որ ՀԲԸՄ-ի որոշման հետեւում թաքնված է երկրից 40 մլն կիպրական ոսկու շուրջ 80 մլն դոլար արտահանումը անորոշ նպատակների համար։