«Հայ սփյուռք» հանրագիտարան
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունն այսօրվա դժվարություններով հանդերձ կարողացել է հրատարակության պատրաստել «Հայ սփյուռք» հանրագիտարանը եւ ընթերցողին է ներկայացնում եզակի մի հրատարակություն, որն առաջին փորձն է ստեղծելու համապարփակ բնույթի մի հանրագիտարան 70 երկրների հայ համայնքների կազմավորման եւ ընթացքի մասինՙ պատմական ակնարկով, հանգամանալի տեղեկություններով եւ մեկնաբանություններով։
Հատորը հրատարակության է պատրաստել խմբագրական հանձնաժողովըՙ Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ (գլխ. խմբագիր-տնօրեն), Արամ Սարգսյանի (գլխ. խմբագրի տեղակալ, հատորի պատասխանատու խմբագիր), Զավեն Եկավյանի, Արամ Կիրակոսյանի, Էդուարդ Մելքոնյանի մասնակցությամբ։ Հատորի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս 10 տարի առաջՙ գլխ. խմբագիր Կոնստանտին Խուդավերդյանի ժամանակ։
Օրերս «Ազգ» օրաթերթի խմբագրությունը ստացավ հատորի առաջին ազդօրինակներից։ Համազգային նշանակությամբ սույն հրատարակությունըՙ սակայն ընդամենը 3.000 տպաքանակով, շուտով կհանվի վաճառքի։
«Հայ սփյուռք» հանրագիտարանի մասին առավել հանգամանորենՙ «Ազգի» առաջիկա համարներից մեկում։
Մ. Բ.