Կառավարության հակամարդասիրական որոշումը նրանց կդատապարտի մահվան
«Օպտիմալացում» բառն ընդհանրապես եւ դրա գործընթացը մասնավորապես մեր իշխանավորները բավականին յուրօրինակ ձեւով են ընկալում։ Այսինքն, նրանց համոզմամբ, օպտիմալացումը ոչ թե սակավ ծախսերով առավելագույն արդյունքի հասնելն է, այլ առանց մասնագիտական հիմնավորման հնարավորինս շատ մարդկանց առանց աշխատանքի թողնելն ու շենքեր ազատելը։ Խոսքն, իհարկե, ոչ թե իրենց ղեկավարած եւ մշտապես ուռճացած աշխատակազմերին է վերաբերում, այլ կրթության եւ առողջապահության բնագավառներին։
Առարկայական խոսակցության համար անդրադառնանք կոնկրետ օրինակի։ Համաձայն կառավարության 2003 թ. հոկտեմբերի 30-ի որոշման 11-րդ կետի, ի թիվս Երեւանի առողջապահական մի շարք հիմնարկների վերակազմավորման, օպտիմալացման ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Կարապետ Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» պետական ՓԲԸ-ն միաձուլվում է նույն նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոն» ՓԲԸ-ին։ Սա թերեւս այն դասական օրինակն է, երբ առանց այդ ոլորտի մասնագետների կարծիքն ու հիմնավորումները հաշվի առնելու, ընդունվել է որոշում, որը ոչ մի կերպ չի կարող հիմնավորվել։ Ավելին, սա կարելի է անվանել ամենահակամարդասիրական որոշումը, որ կամա թե ակամա ընդունել է կառավարությունը։
Նրանք, ովքեր ուռուցքային հիվանդություն կամ նման հիվանդությամբ տառապող հիվանդ ունեն, շատ լավ գիտեն, թե ինչ է հակաուռուցքային դիսպանսերը, ինչ նպատակով է գործում եւ ինչ նշանակություն ունի այդ սարսափելի հիվանդության հայտնաբերման եւ կանխման հարցում։ Նրանց հայտնի է նաեւ դիսպանսերի տեղըՙ Թումանյան-Հանրապետության (Ալավերդյան) փողոցների հատման վայրում։ Միաձուլման արդյունքում այն պետք է տեղափոխվի Քանաքեռում գտնվող ուռուցքաբանական կենտրոն։ Որ կենտրոնը գտնվում է անմիջապես գերեզմանոցի հարեւանությամբ, ինչը ուռուցք ունեցող հիվանդի բուժման համար, մեղմ ասած, բոլորովին էլ բարենպաստ հանգամանք չէ, դեռեւս մի դժբախտություն է, եկած խորհրդային տարիներից։ Հաջորդն այն է, որ մայրաքաղաքի արվարձանում գտնվող ուռուցքաբանական կենտրոն հասնելն արդեն իսկ լուրջ խնդիր է։ Միակ երթուղային տաքսին երկար ժամանակում եւ խորդուբորդ ճանապարհներով է հասնում այդտեղ։ Դրա պատճառով դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդները միշտ չէ, որ կկարողանան կամ կցանկանան մեկնել դիսպանսերի նոր վայրը, կզրկվեն մշտական հսկողության տակ գտնվելու պետության երաշխավորած իրավունքից։ Իսկ նրանց զգալի մասը հիվանդության վաղ շրջանում գտնվողներն են, որոնք ենթակա են բուժման եւ տարիներ ապրելու հնարավորություն ունեն։ Դիսպանսերում են հայտնաբերվում եւ կանխվում նաեւ դեռեւս նոր սկսվող ուռուցքները։ Քանաքեռ տեղափոխվելուց հետո հիվանդության հայտնաբերման եւ վաղ շրջանի դեպքերը կնվազեն եւ փոխարենը կավելանա արդեն ծանր հիվանդների թիվը։
Առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավարներին հիշեցնենք, որ դիսպանսերը Քանաքեռ տեղափոխելու փորձ 90-ականների սկզբին եղավ, բայց հիվանդների հարազատների բուռն բողոքներից հետո վերադարձվեց իր նախկին վայրը։
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ ուռուցքաբանական դիսպանսերները ԱՊՀ բոլոր երկրներում առանձին միավորներ են եւ ինչպես Հայաստանում, այնտեղ է կենտրոնանում ուռուցքային հիվանդություն ունեցող բոլոր հիվանդների մասին տեղեկատվությունը։ Այնուհետեւ հայտնի չէ, թե ինչ կկատարվի դիսպանսերի թանկարժեք բժշկական սարքավորումների (գամմաթերապիայի ապարատ, մամոգրաֆ, ռենտգենյան ապարատներ եւ այլն) հետ։ Այդ սարքավորումներից ուռուցքաբանական կենտրոնը նույնպես ունի եւ այստեղ, ի տարբերություն դիսպանսերի, դրանք փաստորեն չեն ծառայի իրենց նպատակին։ Անհայտ է մնում նաեւ վերջինիս ուռուցքաբան բժիշկների ճակատագիրը։ Նրանք, փաստորեն, հայտնվում են խաղից դուրս։
Սակայն վերստին ցանկանում ենք ընդգծել հիվանդների կացության խնդրի լրջությունը դիսպանսերի տեղափոխման դեպքում։ Կարծում ենք, որ ոչ մի կառավարություն բարոյական իրավունք չունի հարկադրելու ուռուցքով հիվանդին դիսպանսեր հսկողությունն անցնել գերեզմանոցին մոտ եւ դժվարհասանելի վայրում գտնվող հաստատությունում կամ փաստորեն դրդել ճարահատյալ հրաժարվելու հիվանդության վաղ շրջանում բուժվելու հնարավորությունից, ակամա մահվան դատապարտելով նրան։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ