Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» օրենքի, մինչեւ 2 մլն դրամ դրամային ավանդները եւ մինչեւ 1 մլն դրամ արժողությամբ արտարժութային ավանդները կերաշխավորվեն այդ նպատակով ստեղծված հիմնադրամի կողմից։ Երեկ կառավարության ընդունած այս փաստաթուղթը լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա նշեց, որ այս օրենքի նպատակն է բարձրացնել բանկային համակարգի հուսալիությունը եւ ամրապնդել հասարակության վստահությունը բանկերի նկատմամբ։ ԿԲ նախագահի հավաստմամբ, օրենքն ունի սոցիալական ուղղվածություն։
Ավանդների երաշխավորման հիմնադրամը ձեւավորվում է առեւտրային բանկերի վճարներից։ Դրան մասնակցում են Հայաստանի բոլոր բանկերը։ Վճարները կազմում են ներգրավված ավանդների 0,5 տոկոսը, իսկ Ազգային Ժողովում օրենքի ընդունումից հետոՙ 0,2 տոկոս։ Հիշեցնենք, որ այս հիմնադրամը կսկսի գործել 2005 թ.-ի հուլիսից։ Ավանդները կփոխհատուցվեն երկու դեպքում։ Առաջին, երբ ԿԲ-ն տվյալ բանկը ճանաչում է անվճարունակ եւ երկրորդ, երբ բանկի նկատմամբ սկսվում է սնանկացման վարույթ։ Հիմնադրամը կառավարվելու է 7 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդը։ Դրանցից 2-ը կլինեն կառավարության, 2-ը կենտրոնական բանկի, 2-ը առեւտրային բանկերի ներկայացուցիչները, իսկ մեկը կընտրվի այս վեցի կողմից։ Հիմնադրամի վերահսկողությունն իրականացնելու է Կենտրոնական բանկը։ Օրենքն արգելում է հիմնադրամին ռիսկային գործառնություններ իրականացնել։ Նրա վարչական ծախսերը չպետք է գերազանցեն հիմնադրամի 0,3 տոկոսը, որը կազմում է 13 մլն դրամ։ Օրենքի ընդունումից հետո ակնկալվում է 3,5 մլն եվրո աջակցություն Գերմանիայից, որը կհամալրի հիմնադրամի միջոցները։
«Հիմնադրամը կերաշխավորի՞ նույն անհատի կողմից տարբեր բանկերում ներդրված ենթադրենք երկուական միլիոն դրամ ավանդների վերադարձը» մեր հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ օրենքի ընդունումը ենթադրում է տարբեր բանկերում բնակչության խնայողությունների դիվերսիֆիկացում։ Եթե, ենթադրենք, սնանկանա երկու բանկ, որտեղ տվյալ անձն ունի երկուական միլիոն դրամ, ապա որպես փոխհատուցում նա կստանա 4 մլն դրամ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ