«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2004-03-25 | #53, 2004-03-26 | #54, 2004-03-27


ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ. «ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԱՐՄԱՐ ԶԳԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄԻՑ»

Նրա անունը շատերին ծանոթ է Հայաստանում «Լինսի» հիմնադրամի ծրագրերի շնորհիվ։ Աշխարհի տարբեր կողմերում մարդիկ Հարութ Սասունյանին գիտեն «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի մեկնաբանություններով։ Նա հայտնի է նաեւ ԱՄՆ-ում ստեղծված Միացյալ հայկական հիմնադրամի գործունեության շնորհիվ, որը Սպիտակի երկրաշարժին հաջորդած 15 տարիներին 127 բեռնատար չվերթերով Հայաստան է բերել 377 մլն դոլարի օգնություն (1000 բեռնարկղ)։ Հայաստանում քչերը գիտեն, որ «Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչը, մեկնաբանությունների հեղինակը, բարեգործը, Միացյալ հայկական հիմնադրամի ղեկավարը եւ «Լինսի» հիմնադրամի փոխնախագահը միեւնույն անձն է։ Քչերն են նրան ճանաչում որպես Հայկական հարցի եռանդուն պաշտպանի։ Թերեւս քչերն են ծանոթ նրա անգլերեն հրատարակած «Հայոց ցեղասպանություն. փաստեր եւ հայտարարություններ» ժողովածուին։ Հուսով ենք, ստորեւ (կրճատումներով) ներկայացվող հարցազրույցը թույլ կտա մասամբ լրացնել այդ բացը։

- Շատերին է հետաքրքրում, թե շարունակվելո՞ւ է «Լինսի» հիմնադրամի գործունեությունը։ Քըրք Քըրքորյանն ունի՞ Հայաստանի հետ կապված նոր ծրագրեր։

¬ Այո, 170 մլն դոլարանոց «Լինսի» ծրագիրն ավարտված է։ Ըստ որումՙ բավական հաջող։ Որքան հայտնի է, Հայաստանում նախագծերի շարունակման վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել։ Կարող եմ ասել միայն, որ Քըրքորյանը տեղյակ է բոլոր գործերին, արդյունքներին։ Պարզապես նա շատ է շահագրգռված Հայաստանի առաջընթացով։

- Դուք զբաղվում եք այնքան տարաբնույթ գործերով։ Ասենքՙ Ձեր ստացած կրթությունն էլ տարաբնույթ է. Նյու Յորքի հեղինակավոր Կոլումբիա համալսարանի միջազգային քաղաքականության գծով գիտական աստիճան, ապաՙ գործարարության գծով աստիճան։ Սա ինչո՞վ կարելի է բացատրել։

¬ Կարծում եմ, հարցին պետք է ավելի լայն նայենք։ Հայերս եզակի պատմություն ունենք։ Այն լի է բախումներով, դեգերումներով։ Ես զեյթունցիների զավակ եմ, ծնվել եմ Հալեպում, տեղափոխվել Բեյրութ, 1969-ինՙ ԱՄՆ։ Ապա Եվրոպայումՙ Ժնեւում 4 տարի աշխատել եմ որպես «Պրոկտր ընդ Գեմբլ» ընկերության շուկայագիտության գծով տնօրեն։ Ընտանիքում դաստիարակվելով ազգային ոգով, իմ ամբողջ կյանքում երբեք չեմ հրաժարվել իմ ավանդը ներդնել հարկ եղած տեղում, ելնելով ազգային շահերից։ Սպիտակի երկրաշարժից հետո մի օր մտածեցի, որ Հայաստանին հատկացվող օգնությունը կարելի է շատ ավելի արդյունավետ դարձնել, եթե բարեգործական կազմակերպությունները կարողանային միավորվել եւ համակարգել իրենց ջանքերը։ Դիմեցի հայկական յոթ խոշոր բարեգործական կազմակերպություններին, Քըրք Քըրքորյանին։

Գաղափարն ամենքին դուր եկավ։ Շուտով հիմնվեց Միացյալ հայկական հիմնադրամ։ Գրասենյակ բացեցինք։ Ես գտա տնօրեն, քարտուղար։ Վերադարձա իմ լրագրային գործերին։ Բայց միավորված կազմակերպությունների ղեկավարները մի քանի ամիս անց առաջարկեցին ինձ անձամբ գլխավորել գործը։ Այդպիսով համաձայնեցի դառնալ հիմնադրամի տնօրեն, ապաՙ նախագահ։

- 1978-1988 թթ. Դուք ՄԱԿ-ում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչն էիք։ Դատելով ամերիկյան մամուլի հրապարակումներից, Դուք ՄԱԿ-ի ամբիոնից, Մարդու իրավունքների հանձնաժողովում դատապարտել եք Սումգայիթի ջարդերը...

¬ Հատկանշական է, որ իմ ելույթի ժամանակ խորհրդային պատվիրակությունը ցուցադրաբար լքեց դահլիճը։ Կարող եմ նաեւ հպարտությամբ արձանագրել, որ զգալի չափով իմ, մեր մյուս հայրենասերների ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ը 1985 թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

- Իսկ ինչպե՞ս դարձաք «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ։

¬ Երբ «Լինսին» որոշեց Հայաստանում նախագծեր իրականացնել, հարկավոր էր մեկը, որը հիմնադրամի կողմից կվերահսկեր աշխատանքների ընթացքը։ Քըրք Քըրքորյանը դիմեց ինձ, եւ ես ուրախությամբ համաձայնեցի։ Մինչ այդ քանիցս եղել էի Հայաստանում, լավ ծանոթ էի իրավիճակին։

- Ի՞նչ դիրք են բռնելու ամերիկահայերն առաջիկա նախագահական ընտրություններում։ Որքան հայտնի է, Հայկական ազգային հանձնախումբը տարածել է թեկնածուների հարցաթերթիկներ։ Դրանց բովանդակությունը հիմք է տալիս ասեու, որ նախապատվությունը կտրվի այն թեկնածուին, որը կխոստանա ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բարեկամական զգացումներ կտածի Հայաստանի եւ Արցախի նկատմամբ։ Բուշը, օրինակ, խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը։ Ավա՜ղ... Նրա մրցակից Գորն ավելի ազնիվ էր. նա չխոստացավ...

¬ Կարելի է նաեւ ասել, Գորն այնքան հայատյաց էր, որ նույնիսկ չխոստացավ։ Ընդհանուր առմամբ թեման բուռն վեճեր է առաջացնում ամերիկահայ համայնքում։ Ազգային քաղաքականությամբ զբաղվողները եւ անձամբ ես գտնում ենք, որ մեր ժողովուրդը չպետք է անհարմար զգա նրանից, որ կենտրոնանում է ցեղասպանության ճանաչման հարցի վրա եւ դա նախապայման համարում այս կամ այն թեկնածուին պաշտպանելու համար։ Նույն ձեւով երկրի բոլոր միավորումներն ու արհմիություններն ունեն իրենց լոբբիստական շահերը։ Որպես ժողովրդավար կառավարիչ, նախագահը պարտավոր է մտածել ամբողջ պետության մասին, ինչպես նաեւ իր քաղաքականության մեջ հաշվի առնել հասարակության տարբեր խավերի ակնկալիքներն ու իղձերը։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ, Լոս Անջելես-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4