«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2004-03-25 | #53, 2004-03-26 | #54, 2004-03-27


ԲՈՅԿՈՏԵՔ ԷԲԲՈԹ-ՈՒՈԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Եվ մի ողջագուրվեք Կոհենի հետ

Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթը Հայոց ցեղասպանությունը գիտակցաբար եւ հետեւողականորեն հերքելու իր անպարկեշտ կեցվածքով խռովք առաջացրեց Հայաստանում եւ սփյուռքում։ Դեսպանը չնայած բազում բողոքի նամակներին, շարունակում է հրապարակավ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը, ինչից կարելի է ենթադրել, որ նա կատարում է իր երկրի կառավարության առաջադրանքը։

Նախ, հունվարի կեսերին Էբբոթ-Ուոթը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, ասել էր, որ արտահայտում է բրիտանական կառավարության տեսակետը. «... չեմ կարծում, որ այդ փաստի ճանաչումը որպես ցեղասպանություն շատ օգտակար կլինի»։ Ապա հունվարի 20-ին տված մամլո ասուլիսում կրկնեց հարցազրույցում արտահայտած տեսակետը, եւ վերջապես պատասխանելով «Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչ Հարութ Սասունյանին, դեսպանն ակնարկել է, որ 1948 թ. «Ցեղասպանության մասին» կոնվենցիան հետադարձ ուժ չունի, այսինքնՙ 1,5 միլիոն հայերի ծրագրված ջարդը ցեղասպանություն չէ։

Մարտի 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կանանց հիմնահարցերին նվիրված ֆորումում Էբբոթ-Ուոթն ասել է, որ իր ասածը բազմիցս շահարկվել է մամուլում, այդ պատճառով այլեւս որեւէ մեկնաբանություն չի ուզում տալ։ Իր այս հայտարարությամբ դեսպանը կրկին հասկացրել է, որ չի զղջում իր ասածների համար։

Հայաստանի իշխանությունները, թվում է, ի զորու չեն միջազգային դիվանագիտական պրակտիկայում ընդունված համապատասխան քայլեր ձեռնարկելու այս հանդուգն տիկնոջ նկատմամբ, մյուս կողմից, սակայն, Էբբոթ-Ուոթի հանդեպ տեղին կլիներ այլ միջոցառումներ ձեռնարկել։ Օրինակ, բոյկոտել նրա մասնակցությամբ միջոցառումները, ինչն, ի դեպ, չարեցին կանանց հիմնահարցերին նվիրված ֆորումին մասնակից մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անգամ ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի աշխատակիցը։

Եթե ֆորումին մասնակցող ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի ներկայացուցիչը, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը, «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը եւ ֆորումին մասնակցության հրավեր ստացած մյուս 11 կանայք, ովքեր ներկայացնում էին զանազան հասարակական կազմակերպություններ, բոյկոտեին ֆորումի աշխատանքները կամ նախապայման դնեին, որ իրենք կմասնակցեն սեմինարին, եթե Հայոց ցեղասպանությունն ուրացող եւ հրապարակավ հերքող Էբբոթ-Ուոթը ներկա չգտնվի, ապա դա ազդանշան կլիներ Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որ Էբբոթ-Ուոթի ներկայությունը Հայաստանում ցանկալի չէ։

Սակայն, հայ երեւելի կանայք ոչ միայն դա չարեցին, այլեւ ունկնդիրը դարձան բրիտանացի դեսպանիՙ Հայոց ցեղասպանության մասին հերթական վիրավորական արտահայտություններին։ Էբբոթ-Ուոթին քաղաքակիրթ եղանակով հասկացնելը, որ նա անցանկալի անձ է մի երկրում, որի բնակչության կեսից ավելին Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգն է, վերաբերում է նաեւ հայ դիվանագետներին։

Երկու տարի առաջ Հայաստանում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դրեց մեր երկրում Իսրայելի դեսպանըՙ տկն Ռիվկա Կոհենը։ Այդ իրողությունն այսօր կարծես թե մոռացվել է, այլապես ինչպես մեկնաբանել փաստը, որ ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետները Կոհենին հանդիպելիս ողջագուրվում եւ համբուրվում են։

Եթե Իսրայելում հավատարմագրված որեւէ դիվանագետ, ասենք օրինակ, Թորդա Էբբոթ-Ուոթը կասկածի տակ դներ հրեաների ողջակիզումը, ապա Իսրայելի պետությունը եւ հասարակությունը մեկ օր անգամ չէին հանդուրժի նման դիվանագետի ներկայությունը երկրի տարածքում։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4