Հայաստանի արտգործնախարարությունն անցած շաբաթ միացավ հարյուրավոր հայ եւ ոչ հայ անհատների եւ կազմակերպություններիՙ աշխարհի բոլոր ծագերից, բողոքելու Բրիտանիայի դեսպանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ։ Հայաստանի Հանրային (պետական) հեռուստատեսությունը, որ հեռարձակվում է հայ համայնքների համար աշխարհով մեկ, մոտ 5 րոպե եթերաժամանակ հատկացրեց բրիտանական դեսպանի հետ կապված թնջուկին։
Ի պատասխան էլեկտրոնային նամակների հեղեղի եւ մամուլի արձագանքի, ինչպես նաեւ հրապարակային դատապարտման, որ արեց խորհրդարանական ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, Հայաստանի արտգործնախարարությունը վերջապես հանդես եկավ պաշտոնական բողոքով բրիտանական դեսպանի դեմՙ հունվարի 20-ի ելույթում ժխտելու համար, որ 1915 թ. հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել։ Ֆրանսպրես գործակալությունը մեջբերեց արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանի հետեւյալ խիստ մեղմ հայտարարությունը. «Մենք ափսոսանք ենք հայտնում նման դիրքորոշման առթիվ», որ որդեգրել է դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթը։ «Յուրաքանչյուր կառավարություն ունի իր դիրքորոշումըՙ ելնելով տվյալ պահին իր ռազմավարական շահերից։ Սակայն Հայաստանի հողի վրա այդ երկրի դեսպանները պետք է նման զգայուն հարցին մոտենան ամենայն զգուշությամբ եւ նրբանկատությամբ»։
Բացի էլեկտրոնային նամակներից, որ ուղարկել են անհատներ, 17 երկրների (Հայաստան, Ավստրալիա, Բելգիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Շվեյցարիա եւ Միացյալ Թագավորություն) հայկական, ինչպես նաեւ ոչ հայկական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում ակնկալում են, որ բրիտանացի դեսպանը հրապարակավ ներողություն կխնդրի, եւ հորդորում են, որ նա հեռանա կամ վտարվի Հայաստանից։ Բողոքի նամակներ են ուղարկվել ոչ միայն դեսպան Էբբոթ-Ուոթին, այլեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը, վարչապետ Թոնի Բլերին եւ Հայաստանի արտգործնախարարությանը։
Էլեկտրոնային նամակների արշավն արդեն ունեցել է ցանկալի ազդեցություն դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթի վրա։ Անցյալ շաբաթ, երբ մի հայաստանյան հեռուստալրագրող մոտեցավ նրան, նա հրաժարվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ որեւէ հետագա մեկնաբանությունից։ Հետեւաբար, Երեւանում այլ դեսպանները, տեղեկանալով այս հարցի առնչությամբ հայ ժողովրդի եւ կառավարության արձագանքին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց ապագա հայտարարություններում ավելի զգույշ կլինեն։
Քանի որ ապրիլի 24-ը մոտենում է, պետք է բողոքի ցույցեր կազմակերպվեն Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Լոնդոնում բրիտանական արտգործնախարարության, ինչպես նաեւ աշխարհով մեկ բրիտանական դեսպանատների եւ հյուպատոսարանների դիմաց։
Իսկ մինչ այդ յուրաքանչյուրը պետք է շարունակի էլեկտրոնային նամակներ հղել բրիտանական դեսպանինՙ Thorda.Abbot-Watt@co.gov.uk, պահանջելով նրանից հրապարակավ ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր վիրավորական արտահայտությունների համար։ Պետք է էլեկտրոնային նամակներ ուղարկվեն նաեւ Միացյալ Թագավորության փոխքարտուղար եւ դիվանագիտական ծառայության ղեկավար Մայքլ Ջեյինՙ Michael.jay@fco.gov.uk, եւ վարչապետ Թոնի Բլերին հետեւյալ վեբ-սայթի միջոցովՙ http։//www.number-10.gov.uk/output/page821.asp (սեղմել «select a subject», ընտրել «international affairs», ապա սեղմել «go»-ն), պահանջելով նրանցից պաշտոնից ազատել դեսպանին, քանի որ նա այլեւս չի կարող արդյունավետ իրականացնել իր դիվանագիտական պարտականությունները Հայաստանում։ Խնդրում եմ ձեր էլեկտրոնային նամակների եւ դրանց պատասխանների պատճեններն ուղարկել Հայաստանի արտգործնախարարությունՙ info@armeniaforeignministry.com, եւ ինձՙ sassoun@pacbell.net։
Այս թեմայով հոդվածներին եւ նամակագրությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ վեբ-սայթումՙ http։//campaign.nt.am։ Սայթը վերջին անգամ թարմացվել է ցասումնալից հայտարարությամբ, որով հանդես է եկել Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը։ Նա Մեծ Բրիտանիայի դեսպանի վարքը բնութագրում է որպես դիվանագետին անհարիր եւ կոչ է անում անմիջապես նրան վտարել Հայաստանից։
Հարութ սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր»