ՖՐԵԶՆՈ, 26 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ Սթիվ Սամուելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր գոհունակությունն է հայտնում «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին 20 մլն դոլարի փոխհատուցում տրամադրելու կապակցությամբ։ Հայտարարության մեջ Սամուելյանը նաեւ ողջունել է բոլոր նրանց, որոնց ջանքերով դա հնարավոր է դարձելՙ հայցվորներին եւ նրանց փաստաբաններին, Ամերիկայի Հայ դատի գրասենյակին եւ Ամերիկայի Հայկական համագումարին։
Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է Սամուելյանի գրասենյակը, խորհրդարանականը բարձր է գնահատել հիմնական հայցվոր Մարտին Մարությանի աշխատանքը, որը 1999 թ. իր բարեկամ եւ դատապաշտպան Վարդգես Եղիայանի հետ հայց է ներկայացրել դատարան եղեռնին զոհ գնացած իր հորեղբոր անունից։ Մարությանի հայցին հետեւել են հազարավոր այլ դիմումներ։
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ «Նյու Յորք Լայֆ» ընկերությունը հազարավոր ապահովագրական պոլիսներ էր վաճառել Օսմանյան կայսրությունում բնակվող հայերին։ Հայոց ցեղասպանության զոհերի թվում շատ կային «Նյու Յորք Լայֆ»-ի ապահովադիրներ, սակայն ընկերությունը չէր ընդունում որեւէ պարտավորություն զոհվածների ժառանգների հանդեպ, մինչեւ Մարությանը հայց ներկայացրեց ընկերության դեմ։
«Ուրախ եմ, որ «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը սկզբունքային որոշում է կայացրել 20 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում վճարելու մասինՙ պատշաճ հարգանք ցուցաբերելով իր նախկին հաճախորդների հիշատակի հանդեպ։ Այս մեկուկես միլիոն անմեղ մարդկանց կյանքը, որոնք զոհվեցին օսմանյան թուրքերի կառավարության ձեռքով 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, անշուշտ, ինչպես ժամանակին «Նյու Յորք Լայֆ»-ի փոխնախագահն է ասել, «անժամանակ ընդհատվեց» օսմանյան թուրքերի ձեռքով, եւ դրանով իսկ նրանք իրավունք ձեռք բերեցին ստանալ իրենց ապահովագրական գումարները։ Փոխհատուցումը չի անցկացնի բնաջնջվածների ժառանգների ցավը, սակայն վերականգնում է հավատը, որ ի վերջո արդարությունը կհաղթանակի»։