Կոալիցիայի հայտարարությունը
Երեկ խորհրդարանական հերթական եռօրյայի օրակարգը ներկայացնելու համար նախատեսված ասուլիսում կոալիցիան հանդես եկավ հայտարարությամբ, որում իշխանափոխություն իրականացնելու ընդդիմության հաստատակամությունը որակվել է երկրի ներքաղաքական կյանքի բնականոն զարգացման համապատկերում հնչող հայտարարություններ ու կոչեր, որոնց նպատակն է առկա խնդիրները շահարկելու միջոցով ժողովրդական հուզումներ հրահրելն ու դրանց միջոցով իշխանափոխություն իրականացնելը։ Ու թեեւ կոալիցիան չի ժխտում բազմաթիվ առավելապես սոցիալական բնույթի հիմնախնդիրների առկայությունը, հայտարարում է, որ երկրի սահմանադրական կարգն ու օրինականությունը խախտելու փորձերը պետք է կանխվեն իրավասու մարմինների վճռական եւ համարժեք հակազդեցությամբ։ Նշված հայտարարությունը կոալիցիան հիմնավորում է առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոալիցիայի հավաքական պատասխանատվության գիտակցությամբ ու կամքով, նաեւ խոր վերլուծությունների արդյունքում մշակված իրատեսական ծրագրերի առկայությամբ, որոնք բխում են երկրի կայուն զարգացումը երաշխավորող հնարավորությունից։
Հայտարարությունում նաեւ նշվում է, որ բազում մարտահրավերների առջեւ կանգնած մեր պետության անվտանգությունը կարող է վտանգվել երկիրը նոր ընտրական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու ցանկացած փորձի դեպքում։
Ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու, աղքատությունը հաղթահարելու, կոռուպցիայի դեմ պայքարի գործում իր հաստատակամությունն ու վճռականությունը շոշափելի դարձնելու համար կոալիցիան վճռորոշ է համարում 2004 թ. նախընտրական խոստումների կատարման առումով։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիրն» ու Հայ հեղափոխական դաշնակցությունը թեեւ նախնական աշխատանք չեն տարել ընդդիմության շրջանում այս հայտարարությանը միանալու ուղղությամբ, սակայն դեմ չեն հայտարարությանը ցանկացած քաղաքական ուժի միանալուն։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ