Առանց ապագայի տեսիլքի հեղափոխություն չի լինի
Շատերն այլեւս չեն կասկածում, որ մինչեւ ապրիլի կեսերը Հայաստանում քաղաքական արտակարգ իրադարձություններ են տեղի ունենալու, ըստ կանխատեսումներիՙ հանրահավաքներ, նստացույցեր, եւ եթե նկատի ենք առնում նաեւ իշխանությունների կոշտ արտահայտությունները, չեն բացառվում նաեւ ձերբակալությունները։ Հասարակ, շարքային մահկանացուի համար գոնե այսքանը պարզ է։ Իսկ ինչպես են գնահատում առկա վիճակն ու հնարավոր զարգացումները նրանք, ովքեր ներքաղաքական լարված սցենարի համահեղինակներից են։
«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը Մամուլի ազգային ակումբում երեկ ներկայացրեց իշխանափոխության իր սցենարի ավելի զարգացրած տարբերակը։ Առաջվա նման Վազգեն Մանուկյանը դեմ է հանուն անձի փոփոխության իշխանափոխությանը։ Նա կրկին հիշեցրեց նոր նախագահիՙ ժամանակավոր, ընդամենը 2 տարի պաշտոնավարելու անհրաժեշտությունը։ Իհարկե, ԱԺՄ առաջնորդը միանգամայն իրատես է, երբ զգուշացնում է, թե անհավանական է, որ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականից հետո անմիջապես արդար ու ազնիվ ընտրություններ կլինեն միանգամից։ Միանգամից ոչինչ չի լինելու, առավել եւս այս դեպքում, եւ առավել հավանականը կեղծիքների ու նոր կրկնություններն են։ Սակայն ընդդիմության մյուս ներկայացուցիչներն առայժմ անտեսում են նրա առաջարկած դրույթները։
Ամենամռայլ գույներով նա բնորոշեց երկիրը. «Դա մի երկիր է, ուր կա միայն ցուցանիշների աճ, բայց տնտեսական աճ չկա. դա մի ճահիճ է, ուր կռկռում են գորտերը, եւ մամուռը ծածկել է ճահիճը»։ Հավանական իշխանափոխությունից հետո նոր նախագահը պիտի կարողանա երկու տարվա ընթացքում հանրապետությունը մաքրել այդ կեղտից։
ԱԺՄ առաջնորդի համոզմամբ, «մարդկության հորինած ամենամեծ հայտնագործությունըՙ ժողովրդավարության մեքենան փչացել է Հայաստանում, եւ կրկին աշխատեցնելու համար պետք է փոխել իշխող ուժը։ Սակայն եթե ընդդիմության վճռականությանը չգումարվի ժողովրդի վճռականությունը, ոչնչի հասնել չի լինի։ Իսկ դա կլինի այն դեպքում, եթե ամենաակտիվ ու խելացի զանգվածը հստակորեն տեսնի, թե հաջորդները ովքեր են գալու, այսինքն ունենա ապագայի հստակ տեսիլքը։
Իսկ եթե ժողովուրդն իսկապես ոտքի կանգնի, բայց իշխանափոխություն չլինի, «խնդիրը դրանով չի ավարտվելու, եւ 5-6 ամիս հետո նույն վիճակն է լինելու»։
Ղարաբաղի հարցի հետագա ճակատագիրը եւս Վազգեն Մանուկյանը կապում է այն հանգամանքի հետ, թե ինչպիսի պետություն է դառնալու Հայաստանը։ Նրա գնահատմամբ, Անդրկովկասում Հայաստանը հիմա շատ ավելի է խեղճացած, քան Ադրբեջանը։ «Մենք դառնում ենք նվազող, Ադրբեջանըՙ աճող պետություն։ Ադրբեջանը իրապես կարծում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Նա համոզված է, որ նավթի շնորհիվ իր բյուջեն լցվելու է։ Ադրբեջանը հենվում է իր տարածքային ամբողջականության գաղափարի վրա, եւ պնդում է, որ միջազգային հանրությունը եւս դեմ չէ դրան։ Ահա ինչու նա չի ուզում շտապել եւ զիջումների գնալու սպառնալիքի ենթարկվել»։ Նման իրավիճակում Հայաստանն ուղղակիորեն պարտավոր է ուշքի գալ։ Առավել եւս, եթե ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը ղարաբաղյան հարցի լուծման որոշակի ծրագրեր չունեն։
Հնարավոր համարո՞ւմ է ԱԺՄ առաջնորդը բռնարարքները, նույնիսկՙ արյունոտ բռնարարքները իշխանափոխական իրադարձությունների ժամանակ։ «Այս պահին յուրաքանչյուր ընդհարում, որ արյունով կվերջանա, վատ է լինելու եւ հաղթողի, եւ պարտվողի համար. արյան գինը ծանր գին է»։ Սակայն նա հեռու է այն մտքից, թե գոյությունը պահելու համար իշխանությունները կարող են դիմել նույնիսկ պատերազմիՙ Ադրբեջանի դեմ։ Դեմ է նրանց իշխանությանը, բայց ազգի դավաճաններ չի համարում։
«Ազգի» հարցին, թե ինչպես են հոգալու հնարավոր բազմահազարանոց միտինգների ժամանակ մարդկանց բուտերբրոդներ ու հյութեր բաժանելու ծախսերը, ինչի մասին արդեն հիշատակվել է մամուլում, Վազգեն Մանուկյանը կատակով պատասխանեց. «Եթե բուտերբրոդներ են բաժանելու, ես ինքս էլ դեմ չէի լինի օգտվել դրանցից, եթե վարդերի տեղ բուտերբրոդներ բաժանեն, ես նման հեղափոխության կողմնակիցն եմ»։
«Ազգային միաբանության» եւ «Արդարության» միացումից հետո ներքաղաքական իրավիճակը որակական նոր կարգավիճակում է հայտնվել։ Սպասվում է, որ մինչեւ ապրիլի կեսերը ընդդիմությունը կիրականացնի վճռական գործողությունների անցնելու իր ծրագիրը։
Սակայն մեր եւ ընդդիմադիր, եւ իշխանավոր հայ քրիստոնյաները անտեսել են շատ կարեւոր մի հանգամանք. մեծ պահքը ավարտվում է ապրիլի 11-ին միայն։ Այդ ընթացքում նույնիսկ բամբասանքը մեղք է համարվում։ Իսկ սխալներ կամ նույնիսկ վրիպումներ թույլ տալը ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում, հաստատ դրանց հեղինակներին դրախտ չի տանելու։ Կամ էլ սցենարները պիտի գործի գցվեն ապրիլի 11-ից հետո։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ