Հայաստանյան մամուլում, այդ թվում նաեւ մեր թերթում, ստեպ-ստեպ տեղեկություններ են տպագրվում լոնդոնյան մեծահարուստ բարերար Վաչե Մանուկյանիՙ հայրենի ներքաղաքական կյանքում ներգրավվածության, ընդդիմության կողքին իշխանափոխության գործընթացներ հրահրելու եւ ֆինանսավորելու մասին։ Երեկ «Ազգի» խմբագրությունը Վաչե Մանուկյանի հայաստանյան գրասենյակից ստացավ հետեւյալ հայտարարությունը, որի նախաբանում բացատրվում է, որ այն հրապարակվում է, «որպեսզի այսուհետեւ չչարաշահվի Վաչե Մանուկյանի չեզոք եւ պարկեշտ պահվածքը եւ, ի վերջո, հասկացվի, որ նրա անունը չի հաջողվելու օգտագործելՙ կապելով այս կամ այն քաղաքական ուժերի հետ». Ստորեւ բուն հայտարարությունը։
«Մեկընդմիշտ բոլորին ի լուր հայտնում ենք, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացը չի եղել եւ չի լինելու Վաչե Մանուկյանի հետաքրքրության ոլորտում։ Պարոն Մանուկյանը բազմիցս առիթ է ունեցել նշելու, որ ունի երկու նպատակ։ Առաջինըՙ աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանըՙ հիմնել ձեռնարկություններ, որպեսզի ազնիվ հայ աշխատավորը հնարավորություն ստանա սեփական քրտինքով վաստակելու ընտանիքի արժանապատիվ ապրուստի միջոցը։ Երկրորդըՙ «Վաչե եւ Թամար Մանուկյան բարեգործական միության» միջոցով նպաստել Հայաստանի հոգեւոր վերածննդինՙ իրականացնելով կրթական, մշակութային եւ սոցիալական բարեգործական ծրագրեր»։