«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2004-03-25 | #53, 2004-03-26 | #54, 2004-03-27


ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ, ԿԼԻՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ

Թե իշխանության եւ թե ընդդիմության կողմից ներքաղաքական մթնոլորտի շիկացումը շարունակվում է, էսկալացիան ընթանում է մեծ թափով։ Որքան ընդդիմությունը շեշտում է իր վճռականությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանին գահընկեց անելու գործում, այնքան եւ ավելի վերջինս ու իր կողմնակիցներն ահազդեցիկ սպառնալիքներ են տեղում ընդդիմության գործողությունները բռնի ուժով, անգամ արյունով զսպելու մասին (եւ այս հարցում իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն իրենց տղայական ու երբեմն գռեհիկ պահվածքով չեն զիջում իրենց ընդդիմադիրներին։ Նյարդայնացածՙ նրանք պետական մարդու արժանապատվությունը շփոթում են անձնական վիրավորածության հետ)։ Անշուշտ, երկու կողմերի սպառնալիքներն էլ ուղղված են ժողովրդին։ Իշխանություններն ուզում են հասկացնել նրանՙ մի՛ գնա հանրահավաքների, մինչ ընդդիմությունը պատգամում էՙ «սա է վերջին կռիվը մեծ»...

Առայժմ դժվար է ասելՙ տեղի կունենա՞ բախումը։ Սակայն, իրականում, երկու կողմերն էլ կամք չեն դրսեւորում բախումից խուսափելու։ Ընդհակառակը, իշխանությունը ցանկանում է մեկընդմիշտ վերջ տալ ընդդիմադիր ղեկավարների հավակնություններին, իսկ ընդդիմությունն իր գոյության ամբողջ իմաստն է տեսնում իշխանափոխության մեջ։ Մեր երկրի քաղաքական կյանքում, դժբախտաբար, միշտ էլ բացակայել է երրորդ ուժը, հավասարակշռող կողմը, բնական միջնորդը, որի դերը նման դեպքերում, հատկապես հիմա, այնքան զգալի է։ Մնում է այդ դերն ստանձնեն օտարներըՙ Ռուսաստանը կամ Մ. Նահանգները, կամ երկուսն էլՙ միասնաբար թե առանձին-առանձին։

Եվ սա ամենեւին էլ բաղձալի տարբերակը չէ։ Օտար միջամտությունը, որեւէ՛ միջամտություն, որ գալիս է դրսից, հղի է թեւարկման, երկու կողմերին էլ հետագայում ըստ կամս շահագործելու վտանգով, եւ դրանից չի օգտվի որեւէ մեկը, նույնիսկ նրանքՙ ռեւանշիստները, ովքեր հույս ունեն ձեռները տաքացնել բոցավառվող կրակի վրա։

Սակայն դրանից ոչ պակաս վտանգավոր է, եթե բախումը տեղի ունենա ի վերջո։ Իշխանությունների կեցվածքի կարծրությունը հուշում է, որ նրանք տեղի չեն տալու, հետեւաբար իշխանափոխություն իբրեւ այդպիսին տեղի չի ունենալու։ Փոխարենը կլինեն ծեծ, ջարդ, արյուն, ձերբակալություններ, հալածանք, ազատությունների սահմանափակում, չինովնիկների առավել լկտիացում։ Այլ խոսքովՙ իշխանությունները կշարունակեն իշխելՙ փոխանակ կառավարելու, իսկ դա նշանակում է իշխանության թուլացում, ամբողջական այլասերում։

Իսկ այլասերված իշխանություն մեզ պետք չէ։ Մեր պարագայում դա պետականության տկարացում է, հղիՙ նորանոր եւ անվերջանալի փորձանքներով։

aa**********************************************************


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4