Նախագահ Բուշն ու պետքարտուղար Փաուելը Երեւան էին գործուղել Ռիչարդ Արմիթեյջինՙ «լրացնելու բացը»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեյջը երեկ նախագահ Քոչարյանի հետ բանակցությունների ավարտին լրագրողներին ասաց, որ իրեն Հայաստան են ուղարկել նախագահ Բուշն ու պետքարտուղար Փաուելը։ «Իհարկե, անհերքելի է, որ վերջերս Մ. Նահանգները շատ զբաղված է Իրաքով, Աֆղանստանով, ահաբեկչության դեմ պատերազմով, բայց պետք է նշենք, որ Հարավային Կովկասը մեզ համար շատ կարեւոր է, հատկապես չափազանց կարեւոր է Հայաստանը։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունն աշխուժացվի», ասաց Արմիթեյջը։
Պետքարտուղարի տեղակալն արտգործնախարար Օսկանյանի եւ նախագահ Քոչարյանի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը, զարգացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը, հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները։ «Իմ կողմից կարող եմ ասել, ինձ դուր եկավ այն ժամանակը, որ անցկացրեցի Օսկանյանի եւ Քոչարյանի հետ։ Նրանք իրենց հերթին կասենՙ իրենց դուր եկա՞վ, թե՞ ոչ», ասաց Արմիթեյջը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Երեւան էր ժամանել Կիեւից եւ Հայաստանում բանակցություններն ավարտելուց անմիջապես հետո ուղեւորվեց Բաքու։ Հարցին, թե Կիեւ-Երեւան-Բաքու երթուղին հատո՞ւկ էր ընտրված, Արմիթեյջը պատասխանեց. «Այո, պատճառներ կային։ Կիեւ այցելության համար ես ունեի ուղերձ, արտահայտելու հույս, որ հոկտեմբերին այդ երկրում կայանալիք ընտրությունները կլինեն ժողովրդավարական։ Վրաստանում նման քննարկումներ եղել էին, եւ այս անգամ դրա կարիքը չկար։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է նշեմ, որ Հայաստանի հետ քննարկումները որոշ չափով բաց ենք թողել, դրա համար եկել ենք այդ բացը լրացնելու։ Մեզ շատ են հետաքրքրում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտությունը, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերը, այդ պատճառով էլ մենք գնալու ենք նաեւ Ադրբեջան», ասաց նա։
Արմիթեյջի վերոնշյալ մեկնաբանությունները պարզաբանումների կարիք ունեն։ Ի՞նչ է նշանակում «Հայաստանի հետ քննարկումները որոշ չափով բաց ենք թողել, դրա համար եկել ենք այդ բացը լրացնելու»։ Հստակ չասվեց, թե խոսքը հատկապես ինչի մասին էՙ 2003 թ. նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն ընտրություններին, թե՞ ընդհանուր հայ-ամերիկյան հարաբերություններին էին վերաբերում։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնն, ըստ էության, չշնորհավորեց Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ընտրությունը նախագահի պաշտոնում, քննադատության ենթարկեց խորհրդարանական ընտրությունները։ Մեկնաբանությունների կարիք ունի նաեւ այն իրողությունը, որ Արմիթեյջն այցելած երկրներում չհանդիպեց միայն Հայաստանի ընդդիմությանը։ Անշուշտ, ամերիկացի դիվանագետը պիտի տեղեկացված լիներ Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատվող լարվածությանը։ Հարց է ծագումՙ Հայաստանի ընդդիմությանը չհանդիպելու իր կեցվածքով Արմիթեյջը փորձում է թուլացնե՞լ լարվածությունը, չոգեւորե՞լ ընդդիմությանը։
Անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որ եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնալու է անհնար, Արմիթեյջը ասաց, որ Ալիեւն ինքը կարող է դա մեկնաբանել։ «Բայց ինձ թվում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը երկուՙ հայ եւ թուրք ժողովուրդների համար էլ օգտակար կլինի։ Մենք մեր թուրք գործընկերների հետ այդ հարցը ժամանակին քննարկել ենք, բայց գիտեք, որ այսօր Թուրքիան զբաղված է Կիպրոսի հարցով, Հյուսիսային Իրաքի խնդրով։ Բայց հուսով եմ, որ այդ խնդիրները լուծելուց հետո նրանք կանդրադառնան Հայաստանի հետ սահմանները բացելու խնդրին», ասաց Արմիթեյջը։
Ամերիկացի դիվանագետը քաջատեղյակ է ղարաբաղյան կարգավորման մանրամասներին, ներկա է եղել Քի Վեսթում 2001 թ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ քննարկումներին։ Արմիթեյջն ասաց, որ Հեյդար Ալիեւը բանակցային գործընթացում հասել էր զգալի առաջընթացի, բայց դժվարություններ ունեցավ իր երկրում ներկայացնելու ղարաբաղյան հարցով պայմանավորվածությունները։ «Ես կասեի, որ Քի Վեսթում պայմանավորվածություններ որպես այդպիսիք չկային, միայն արձանագրվել էր առաջընթաց», ասաց նա։ Հարցին, թե ինչու ԱՄՆ-ը չի պաշտպանում քիվեսթյան պայմանավորվածությունները եւ չի պահանջում Ադրբեջանի ղեկավարին վերադառնալ այդ սկզբունքներին, Արմիթեյջը պատասխանեց, որ ղարաբաղյան խնդրի լուծումը չի կարելի պարտադրել դրսից։ «Հուսով ենք, որ կողմերը նորից կնստեն բանակցային սեղանի շուրջ», ասաց նա։ Ամերիկացի դիվանագետը որեւէ կերպ չհանդիմանեց Ադրբեջանի իշխանություններին, որոնք փաստորեն ձախողեցին մարտի 29-ի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպումը։ «Այն, ինչ տեղի չի ունենա Պրահայում, արդեն անցյալ է, անհրաժեշտ է առաջ նայել», ասաց Արմիթեյջը։
ԱՄՆ-ը 2004 թ. ռազմական ոլորտում Ադրբեջանին տրամադրել է 4 անգամ ավելի օգնություն, քան Հայաստանին։ Արմիթեյջն ասաց, որ ռազմական օժանդակության հավասարակշռության հարցը կքննարկվի ապագայում, նաեւ ավելացրեց, որ Ադրբեջանն ռազմական նման օգնության կարիք ավելի ունի, քանի որ Բաքուն ներկայություն ունի Աֆղանստանում եւ Իրաքում։
Այցի նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի Ուկրաինա, Հայաստան եւ Ադրբեջան այցի ընթացքում Արմիթեյջը պաշտոնական բանակցություններից բացի կհանդիպի «այլ քաղաքական առաջնորդների եւ խմբերի հետՙ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության առաջ շարժվելու նպատակով»։
Ենթադրվում է, որ այսօր Բաքվում Արմիթեյջը պաշտոնական բանակցություններից զատ կհանդիպի Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների, մասնավորապես Իսա Գամբարի («Մուսաֆաթ» կուսակցություն) եւ Ալի Քերիմլիի (Ազգային ճակատ) հետ։ Բաքվի ԶԼՄ-ները նշում են, որ այս եղանակով Արմիթեյջը փորձում է սիրաշահել ընդդիմությանը։ Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ընտանեկան բարեկամական հարաբերություններ ուներ հանգուցյալ Հեյդար Ալիեւի հետ, այժմ այդ բարեկամությունը շարունակում է որդուՙ Իլհամի հետ։ Զրույցներից մեկի ընթացքում Արմիթեյջը Հեյդար Ալիեւին ասել է, որ վերջինս շատ նման է իր հորը, այդ պատճառով առանձնակի հարգանքով եւ ակնածանքով է վերաբերվում նրան։ Ի դեպ, Ադրբեջանի ընդդիմությունը հենց Արմիթեյջին է մեղադրում Ադրբեջանում ժողովրդավարության նահանջի մեջ։ «Զերկալո» թերթը գրում է, որ Ալիեւների ընտանիքի անձնական բարեկամը լինելուց զատ Արմիթեյջն առաջինն էր, որ ԱՄՆ կառավարության անունից զանգահարեց եւ շնորհավորեց Իլհամ Ալիեւի նախագահի պաշտոնում ընտրվելը։