Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն չի այցելի Լեռնային Ղարաբաղ։ Երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ֆինն դիվանագետը նշեց, որ իր առաքելության ժամանակահատվածն ավարտվում է հունիսի վերջերին։ Եվ եթե մեկ այլ ժամկետով նրան նշանակեն հատուկ ներկայացուցիչ, ապա խոստանում է այցելել Լեռնային Ղարաբաղ։ «Հուսով ենք, ձեր մանդատը կերկարաձգվի», միջամտեց Օսկանյանը։
Տալվիտիեն ասաց, որ ինքը պատրաստվում է Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրամիության համար զեկույց պատրաստել։ «Իմ մանդատի մեջ է մտնում այցելել տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտային վայրերը, քանի որ ինչպե՞ս կարող եմ օժանդակել գործընթացին, եթե չեմ գնում այնտեղ, հանդիպում մարդկանց, տեսնում իրավիճակը», ասաց նա։ Տալվիտիեն Բաքվում հայտարարել էր, որ մինչ օրս ինքը չի եղել ԼՂ-ում, եւ դա ունի իր պատճառները։ Նա չէր մանրամասնել այդ «պատճառները» եւ հավելել էր, որ հանուն խաղաղության եթե անհրաժեշտ լինի ԼՂ այցելել, ապա ինքը կանի։ Տալվիտիեն ասել էր, որ Ղարաբաղ իր այցելությունը մնում է բաց։
Տարածաշրջան նախորդ այցի ընթացքում ԵՄ ներկայացուցիչն իր իսկ նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ։ Տալվիտիեն ափսոսանք էր հայտնել, որ տարածաշրջան իր այցի հագեցած գրաֆիկի պատճառով չի կարող այցելել ԼՂ։ Ֆինն դիվանագետը պատրաստակամություն էր հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման այցելել Ստեփանակերտ եւ հանդիպել ԼՂ ղեկավարությանը։ Երեկ մամուլի ասուլիսում Տալվիտիեն ասաց, որ Եվրամիությունն իր մասով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին եւ Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերինՙ կարգավորելու ղարաբաղյան խնդիրը։
«Պաշտոնական Բաքուն պատրա՞ստ է ղարաբաղյան կարգավորման բանակցությունները շարունակելու Մինսկի խմբի շրջանակներում», «Ազգի» հարցին ֆինն դիվանագետը պատասխանեց. «Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստ են շարունակելու Մինսկի գործընթացը։ Սա, բնականաբար, վերաբերում է սկզբունքներին։ Նրանք համամիտ էին Հայաստանի կառավարության դիրքորոշմանը, որ գործընթացը չի կարող փոխվել այլ ձեւաչափով»։ «ԵԱՀԿ Մինսկի խումբն այն բանակցող մարմինն է, որ պետք է լուծի ղարաբաղյան հարցը, օժանդակի Հայաստանին եւ Ադրբեջանինՙ նրանց երկկողմ բանակցություններում։ Ես ունեմ հանձնարարությունՙ աջակցելու ղարաբաղյան գործընթացին։ Երբ ասում եմ պիտի աջակցեմ, նշանակում է, որ պիտի արվեն բաներ, որոնք չեն արվել Մինսկի խմբի գործընթացում»։ Բաքվում «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Տալվիտիեն ասել էր. «Կարծում եմ, Եվրամիության մասնակցությունը (ԼՂ կարգավորմանը) ցանկալի չէ, քանի որ այդ հարցով զբաղված է ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Տալվիտիեն նաեւ ասել էր, որ ԵՄ-ը կովկասյան տարածաշրջանում գործում է բավականաչափ երկար ժամանակ եւ մտադրություն ունի մասնակցել տարածաշրջանի գործընթացներին։
Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մինսկի խմբին հերթական անգամ քննադատեց, թե «12 տարիների ընթացքում դրական որեւէ բան չի արել»։ Պաշտոնական Բաքուն ձախողեց մարտի 29-ին Պրահայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մասնակցությամբ։ Տալվիտիեն դժվարացավ ասել, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկացել հետաձգել Պրահայի հանդիպումը։ «Իմ ընկալումն է, որ նրանք դեռեւս պատրաստ չեն այդ հանդիպմանը»։ ԵՄ ներկայացուցիչն ընդգծեց նաեւ, որ Մինսկի խումբը ղարաբաղյան լուծման ուղիների վերաբերյալ ծանր աշխատանքներ է տանում։
Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Եվրամիության եւ որոշ ազդեցիկ պետություններիՙ Թուրքիայի վրա լուրջ ճնշումներ գործադրելու փաստին, որպեսզի Անկարան բացի Հայաստանի հետ սահմանը, ասել էր. «Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնալու է անհնար։ Եթե շահագրգիռ կողմերը ցանկություն ունեն տեսնելու ղարաբաղյան խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով, պետք է դադարեցնեն Թուրքիայի նկատմամբ ճնշումները»։ Իլհամ Ալիեւը հույս էր հայտնել, որ Թուրքիան նման ճնշումներին տեղի չի տա։
Հայաստանի արտգործնախարարը ցավ հայտնեց Ադրբեջանի նախագահիՙ հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված մեկնաբանությունների առիթով։ «Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական սահմանի բաց լինելը ոչ միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը, այլեւ լուրջ դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան կարգավորման վրա», ասաց Օսկանյանը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ