Երեկ կայացած ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան 2 հանդիպումներից հետո հայտնի դարձան կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները։ Առանց մեծ ճիգերի «Փյունիկն» ու «Միկան» պատասխան հանդիպումներում էլ առավելության հասան մրցակիցների նկատմամբ։
«Փյունիկը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Կիլիկիային», որին առաջին խաղում հաղթել էր 1¬0 հաշվով։ Թվում էր, թե պատասխան խաղում կիլիկիացիները կձգտեն ռեւանշի հասնել։ Սակայն, ինչպես ցույց տվեց հանդիպումը, այսօր «Փյունիկը» զգալիորեն գերազանցում է «Կիլիկիային», ինչն իր արտահայտությունը գտավ խաղի հաշվում։ Ողջ հանդիպումն անցավ «Փյունիկի» բացահայտ առավելությամբ։ Փյունիկցիները փաստորեն արդեն հանդիպման 12-րդ րոպեին վճռեցին կիսաեզրափակիչի ուղեգրի հարցը։ Հաշիվը 6-րդ րոպեին շրջադարձ գեղեցիկ հարվածով բացեց «Փյունիկի» ավագ Արթուր Մկրտչյանը, եւս 6 րոպե անց Մամադու Դիավարան անսպասելի հարվածով 2-րդ գնդակն ուղարկեց Կիրակոսյանի պաշտպանած դարպասը։ Մինչեւ ընդմիջում Վալերի Ալեքսանյանն ու Գալուստ Պետրոսյանը թիմի առավելությունը հասցրին 4-ի։
«Կիլիկիան» այս խաղում էլ չկարողացավ լրջորեն մրցակցել երկրի չեմպիոնի հետ։ Թիմը մրցակցին զիջեց բոլոր առումներով, եւ հանդիպման խոշոր հաշիվը (7¬0) օրինաչափ էր։ Եվ եթե 2-րդ խաղակեսում փյունիկցիները չչարաշահեին անհատական խաղը, ապա հաշիվն ավելի խոշոր կլիներ։ Փյունիկցիներին հեշտությամբ հաջողվում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Երկրորդ խաղակեսում 2 անգամ Փաչաջյանը, 1 անգամ էլ Մամադուն աչքի ընկան դիպուկ հարվածներովՙ ավարտելով մրցակցի ջախջախումը։
Քառորդ եզրափակիչի մյուս խաղում Արարատում «Արաքսը» հյուրընկալել էր երկրի ներկայիս գավաթակիր «Միկային»։ Առաջին խաղում «Միկան» հաղթել էր 3¬0 հաշվով եւ գործնականում վճռել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը։ Պատասխան խաղում գրանցվեց նույն հաշիվը։ Արդեն երկրորդ րոպեին Կարեն Մուրադյանն առաջ մղեց «Միկային», իսկ մինչեւ 28-րդ րոպեն Արտաշես Ադամյանը 2 անգամ գրավեց «Արաքսի» դարպասը։
Այսպիսով, «Միկան» ու «Փյունիկը» կշարունակեն պայքարը պատվավոր մրցանակի համար, ընդ որում կիսաեզրափակիչում ապրիլի 3-ին նրանք կմրցեն միմյանց հետ։ Կիսաեզրափակիչի մյուս 2 մասնակիցները հայտնի կդառնան այսօր կայանալիք «Արարատ»¬«Շիրակ» (խաղը կկայանա Ոսկեհատում) եւ «Բանանց»¬«Կոտայք» (Աբովյանում) հանդիպումներից հետո։ Նշենք, որ առաջին խաղում «Արարատը» Գյումրիում զիջել էր 0¬3 հաշվով եւ այսօր թիմին անչափ դժվարին մրցավեճ է սպասվում կիսաեզրափակիչի ուղեգրի համար։ «Բանանցի» վիճակն ավելի դյուրին է։ Թիմն առաջին խաղում մրցակցին հաղթել էր 2¬1 հաշվով, եւ անկասկած երկրորդ հանդիպումում էլ ձեռքից բաց չի թողնի կիսաեզրափակիչ մտնելու հիանալի հնարավորությունը։