«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2004-03-25 | #53, 2004-03-26 | #54, 2004-03-27


ՊԵՆԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Դրեզդենում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող մեր երկու շախմատիստուհիներն էլ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի։ Լիլիթ Մկրտչյանը սեւերով միավորը բաժանեց Պիա Կրամլինգի հետ, իսկ Էլինա Դանիելյանը խաղաղ դաշն կնքեց վրաց շախմատիստուհի Մայա Լոմինեիշվիլու հետ։ Կրկին անհաջող խաղաց Նելլի Աղինյանըՙ պարտվելով Զեյնաբ Մամեդյարովայից։ Աղինյանն ունի 2 միավոր, իսկ Մկրտչյանն ու Դանիելյանը 4-ական միավորով առաջատարների թվում են։

Իր գերազանց ելույթներն է շարունակում Ցհաոգին Պենգը, որը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց։ Այս անգամ նա պարտության մատնեց գերմանացի Էլիզաբեթ Պետցին, որը մինչ այդ դեռեւս չէր ճաշակել պարտության դառնությունը։ Պոգոնինա-Կոսինցեւա, Կոստենյուկ-Բոյկովիչ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։ 13 շախմատիստուհիներ, որոնց թվում են եւ Լիլիթն ու Էլինան, առաջատարին զիջում են մեկ միավորով։ 6-րդ տուրում Դանիելյանը կմրցի Բոյկովիչի, Մկրտչյանըՙ Կոսինցեւայի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4