«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2004-03-25 | #53, 2004-03-26 | #54, 2004-03-27


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՀԱՄԱՐ

Կարեն Ճշմարիտյանն ակնկալում է 350-500 մլն դոլար ներդրում

Հայաստանի, կարելի է ասել, լավագույն ձեռնարկությանՙ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ՊՄԿ) սեփականաշնորհման նպատակով հայտարարվել է միջազգային մրցույթ։ Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը մանրամասներ ներկայացրեց կառավարության վերոնշյալ որոշման առնչությամբ։

Նախարարը տեղեկացրեց, որ կոմբինատը մասնավորեցնելու հայտարարությունն ինքն արել է վերջերս, Լոնդոնում հանքարդյունաբերության խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ։ Այդ միջոցառմանը ներկա էին 45 կազմակերպություններ, այդ թվում ոլորտի խոշորագույն ընկերությունները։ Վերջիններիս թվում հիշատակվեցին «Ռիո թին թոն», «Ֆելիփս դոջը», «Դի Էյչ Փին», «Կոմսապը», «Ռուսալը» եւ ուրիշներ։ Նրանց կողմից, Կարեն Ճշմարիտյանի հավաստմամբ, մեծ հետաքրքրություն էր նկատվում Զանգեզուրի ՊՄԿ-ի նկատմամբ։

Հայաստանի հանքարդյունաբերության հսկայի մասնավորեցումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մոլիբդենի սպառման ծավալների դանդաղ նվազման միտում կա աշխարհում, ձեռնարկությունն առավել արդյունավետ շահագործելու նպատակ ունի։ Մասնավորապես ներդրումային պայմանագրով կոմբինատը ձեռք բերող ընկերությունը պետք է ներդնի նոր տեխնոլոգիաներ, տարեկան արդյունահանման ծավալները տարեկան պետք է կազմեն 30¬40 մլն տոննա, ինչը նշանակում է արդյունահանման աճՙ 3¬5 անգամ, կառուցի որոշակի ենթակառուցվածքներ (ջրատարներ, պոչամբարներ, թունելներ)։ Հնարավոր է մոլիբդենի մշակման նոր գործարանի կառուցումը։ Ներդրողը պարտավոր է ապահովել բնապահպանական բոլոր չափանիշները։ Ներդրումային ծրագրի նախնական արժեքը տատանվում է 350¬500 մլն դոլարի սահմաններում։ Դրա 20¬25 տոկոսը պետք է կազմի հանքի շահագործման իրավունքի եւ կոմբինատի գնման արժեքը։ Ինչպես նշեց Կարեն Ճշմարիտյանը, դա նշանակում է, որ կառավարության ակնկալիքն այստեղ առնվազն 130 մլն դոլար է։ Նախարարը հայտնեց, որ կառավարությունը կարեւոր նախապայման է դրել ներդնողի առջեւ, որն էՙ երկրի ներսում պղինձ մշակող ընկերությունները հավասար պայմաններում հումքի գնման դեպքում պետք է ունենան առավելություններ։

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ մինչեւ 1999 թ.-ը Զանգեզուրի ՊՄԿ-ն աշխատել է վնասով, իսկ հաջորդ տարիների ընթացքումՙ տարեկան 4¬4,5 մլն դոլար շահույթով։ Այդ շահույթի շնորհիվ փակվել են այն ժամանակվա վնասները։ Ձեռնարկությունում աշխատում են 2300 մարդՙ 83 հազար դրամ աշխատավարձով։

Ի դեպ, նախատեսվում է բանակցությունների բացառիկ իրավունք, որի համար բանակցող ընկերությունը պետք է 25¬30 մլն դոլար կանխավճար վճարի։ Եթե բանակցություններն անհաջող լինեն, ապա կանխավճարը պետք է վերադարձնի մյուս բանակցող ընկերությունը։ Դրանք չեն կարող 6-7 ամսից ավելին տեւել։

Ի պատասխան «Ազգի» հարցի, Կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցման գործարքի մանրամասներին։ «Կոմպատ» ընկերությունը, որը ձեռք է բերել այս ձեռնարկությունը, աշխատել է նույնիսկ Խորհրդային Միության ժամանակաշրջանում։ Պայմանագրում, նկատի ունենալով այս տարածքի ռազմավարական կարեւորությունը, գնորդ ընկերությունն անգամ ձեռնարկության կանգառի պարագայում պարտավորվելու է վճարել աշխատավարձերը եւ 100 հազար դոլար պետբյուջե։ Առաջին տարում «Կոմպատը» պետք է իրականացնի 3,5 մլն դոլար ներդրում, իսկ հետագայում ներկայացնի նոր ներդրումային ծրագրեր։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4