«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2004-03-26 | #54, 2004-03-27 | #55, 2004-03-30


ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՙ ԱՅՈ՞, ԹԵ՞ ՈՉ

Ընդդիմադիր ներկայացուցիչները պատասխանում են «Ազգի» հարցերին

- Որքանո՞վ է հնարավոր իշխանափոխությունը։

Սուսաննա Գրիգորյան (բանասեր, ԱԻՄ-ի մամուլի պատասխանատու)- Եթե դա հասարակական պահանջ է ու արվում են լուրջ հիմնավորումներ այդ պահանջն իրականացնելու ճանապարհին, այդ դեպքումՙ այո։

Պետրոս Մակեյան («Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ)- Ոչ միայն հնարավոր է, այլեւ ռեալ է։ Եվ եթե այսօր հասարակությունն ընդդիմության ղեկավարությամբ չկարողանա իրականացնել իշխանափոխությունը, ուրեմն դա մնում է միայն նրանց մեղքի բաժինը, որովհետեւ այսօր գործող իշխանությունը չունի որեւէ ռեսուրս իշխանությունը պահելու...

Վազգեն Մանուկյան (ԱԺՄ նախագահ)- Իշխանափոխության անհրաժեշտությունն այժմ բավականին խիստ է դրված, որովհետեւ վերջին ընտրություններում մենք ձեւավորեցինք ոչ լեգիտիմ իշխանություն, որը չարիք է Հայաստանի համար, ու չի երեւում սրա շարունակությունը։ Իշխանությունը պահելու համար Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները գնում են որոշակի տնտեսական քայլերի, որոնք չեն նպաստում Հայաստանի զարգացմանը։ Եվ այդ ամենը բերում է այն եզրակացության, որ իշխանափոխություն անելը ճիշտ կլինի։ Ուրիշ բան, թե ինչ գնով արժե անել, դա էլ արդեն ուրիշ հարց է, եւ ամեն մի բան իր գինն ունի։

Սամվել ԳեՎորգյան («Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Արմատ» կազմակերպության անդամ)- Այս պահին քիչ հնարավոր եմ համարում, սակայն որ անհրաժեշտ է, բոլորը գիտեն։

Դավիթ Սրապյան (23 տարեկան, ուսանող)- Օր առաջ իշխանափոխություն իրականացնելով երիտասարդության եւ հատկապես ուսանողության մեջ կվերացնենք այն անջրպետը, որ առաջացավ «բազեներ» ստեղծելով։ Այժմ նրանք մեզՙ հասարակ ուսանողներիս նայում են վերեւից, քթները ցցած եւ ինքնագոհ։ Այ հենց այս տիպի երեւույթներն իսպառ վերացնելու համար էլ օր առաջ հարկավոր է իշխանափոխություն։

- Ո՞ւմ եք տեսնում իշխանության ղեկավարի աթոռին։

Ս. Գ.- Եթե ժողովրդավարության տեսանկյունից նայենք, ապա նրան, ում կընտրի ժողովուրդը, ազատ եւ արդար ընտրություններով։

Պ. Մ.- Թիվ մեկ պաշտոնն այսօր դարձել է հասարակության համար ծեծվող հարց, բայց ես չեմ ընդունում այդ հարցադրումը, որովհետեւ մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ժողովուրդն ինքը տեսնի ու ընտրի այսօրվա քաղաքական ասպարեզում եղած ուժերից ու լիդերներից։

Վ. Մ.- Ոչ մեկին չեմ տեսնում։ Ես չեմ կարծում, որ մենք վատ մարդուն գցում ենք, բերում ենք լավ մարդու։ Ես դրա համար առաջարկել եմ սցենարը, որի դեպքում բոլոր հավակնորդ քաղաքական գործիչները պետք է մի խումբ կազմեն ու ժողովրդին ներկայացնեն երկու տարվա գրաֆիկ, թե ինչ օրենքների փոփոխությամբ Հայաստանում եւ քաղաքական դաշտում մտցնելու են արդարություն, զարգացման հնարավորություններ եւ այլն։ Եվ այդ սկզբնական շրջանում բոլոր հավակնորդները (անկախ նրանիցՙ հաղթել են, թե պարտվել) աշխատելով անվտանգության խորհրդում, հնարավորություն կունենան ազդելու երկրի ընթացքի վրա, եւ 2 տարի հետո սահմանադրությունը փոխելուց հետո այն մարդը, ով նախագահ լինի, իր լիազորությունները վայր դնի եւ նույնիսկ իր թեկնածությունը չդնի, այլ փորձի երկու տարվա ընթացքում երկիրը հանել այս տնտեսական ճգնաժամից։ Տեսեք, թե ինչ է կատարվումՙ մարդկանց մի մասը Քոչարյանին ուզում է փոխել, որովհետեւ ատելությամբ է լցված... Բայց միայն ատելության ու սիրո հիմքի վրա որեւիցե պետություն ստեղծել չի լինի։ Պետք է նախ մաքրվի դաշտը, մարդիկ հանգիստ մտածեն երկրի ապագայի մասին, նոր միայն...

Ս. Գ.- Պարզապես ես կարծում եմ, որ այս գործընթացն առաջին փուլ պետք է ապրի, որտեղ կդրսեւորվեն իշխանությունների վարքագիծը եւ ընդդիմության կայունությունը, համագործակցության առումով ինչքանով կարող են միասնական լինել նրանք։ Այդ առաջին փուլը կարող է նախապատրաստական փուլ լինել։ Բայց որ իշխանափոխություն լինելու է, անխուսափելի է։ Եվ բոլոր առողջ ուժերի մասնակցությամբ։ Դա կարող է լինել միտինգների, բացատրական աշխատանքների եւ այլ ճանապարհով... Իսկ ղեկավարի հարցում պետք է լրջմիտ լինել, պետք է մոռանալ հավակնությունները, որովհետեւ Հայաստանը կանգնած է անկախությունը կորցնելու վտանգի առջեւ, եւ պատասխանատվության հարց է այստեղ, ոչ թե իշխանության գալու։ Կա Ղարաբաղի չլուծված հարց, կա Հայաստանի կիսաանկախ վիճակՙ իր կորցրած խոշորագույն գործարաններով, էներգետիկայով, կապով, որոնք տրված են օտար պետություններին։ Եվ հենց այստեղ է, որ շատ լրջագույն հարց է ծագում, ով կարող է իր ուսերի վրա վերցնել դրանք ու լուծել։

Դ. Ս.- Առայժմ վաղ է այդ մասին խոսել, բայց մեր փոքր երկիրը ով էլ մենակ ղեկավարի, միշտ իր կլանը կունենա։ Ես չգիտեմՙ կա՞ երկիր, որտեղ ոչ թե մեկը, այլ մի քանիսը երկիր ղեկավարեն, սակայն նման փորձը հենց մեր երկիրը կփրկի։

- Եթե, այնուամենայնիվ, իշխանափոխություն լինի, ինչպիսի՞ն կլինի եւ ի՞նչ ազդեցություն կունենա մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա։

Ս. Գ.- Ընտրությունը միշտ պիտի նպաստավոր լինի։ Իսկ եթե անօրեն իշխանություններ են, դա, անշուշտ, միշտ վտանգելու է եւ ներքին, եւ արտաքին քաղաքականությանը։

Պ. Մ.- Դժվար է միանշանակ ասել, դա կախված է, թե ինչ ժամկետում, ինչպես կանցնի իշխանափոխությունըՙ անցնցո՞ւմ, թե՞... Եթե անցնցում, ապա դա շատ դրական ազդեցություն կունենա։ Իսկ եթե իշխանությունները փորձեն կառչած մնալ իրենց աթոռներին ու դիմադրեն, ինչպես երեւում է, արդեն մուսկուլներ են ցույց տալիս, այդ դեպքում շատ ճակատագրական կլինի եւ իրենց, եւ երկրի համար։

Վ. Մ.- Կախված է, իհարկե, քայլերի կտրականությունից, որը հիմնականում պայմանավորված է լինելու իշխանությամբ, ոչ ընդդիմությամբ։ Պետության համար փոփոխության պահը միշտ վտանգավոր է, բայց դրանից հետո ուժային հնարավորություններ են բացվում։ Այդ պահին դժվար կլինի, բայց այդ պահից հետո եւ արտաքին, եւ ներքին քաղաքականությունն իրականացնելու համար նոր հնարավորություններ կբացվեն։

Ս. Գ.- Նայած, թե որ ուժերը կանցնեն իշխանության։ Ես կարծում եմ, որ եթե ժողովրդավարական ուժերն անցնեն, ապա իսկապես կվայելեն Արեւմուտքի, այսինքնՙ ժամանակակից կենտրոնների աջակցությունը, իսկ եթե շարունակենք մնալ գաղութային երկրի եւ այդ ժողովրդի հոգեբանությամբ, կմնանք Ռուսաստանի գաղութ։ Ես կարծում եմ, որ առողջ ուժեր պիտի գան իշխանության, պիտի մոռացվեն մանր քաղաքական խնդիրները եւ, վտանգավորությունը հաշվի առնելով, պետք է իշխանափոխությանը նպաստած ուժերը մտածեն ու առաջ մղեն այն ուժին, որը կարող է առողջ քաղաքականություն վարել եւ ի վիճակի լինել հաստատելու ժողովրդավարություն, այսինքնՙ ընտրությունների միջոցով ձեւավորել իշխանություն։

Դ. Ս.- Մինչ արտաքին եւ ներքին քաղաքականությանն անցնելը, ասեմ, որ նախ շատ կտրուկ ազդեցություն կունենա հենց մեր ժողովրդի, մեր հոգեբանության վրա։ Հոգիներս կթեթեւանա ու աշխարհին այլ աչքերով կնայենք։ Տեսեքՙ ամեն ինչ տվեցինք ուրիշներին ու հիմա էլ հայտնվել ենք Կռիլովի հայտնի առակի սայլի դերումՙ մի կողմից Ռուսաստանը, մյուսիցՙ ԱՄՆ-ը, իսկ երրորդ կողմումՙ Եվրոպան... Դե արի ու հայ ժողովուրդ պահի։ Երիտասարդությունը հայերեն չի խոսումՙ հարգի չէ, անգլերենն է գերադասում։ Այ, այստեղ է, որ տուժում ու խարխլվում է մեր ներքին քաղաքականությունը, իսկ արտաքինըՙ բոլորը փորձում են հաճոյանալ օտարներին, ձեռքերը մեկնած մուրում են ու վարկեր բերում մեր վզին փաթաթում։ Այս ամենից լավ հոտ չի գալիս։ Այսպես այլեւս շարունակել չի լինի, եթե ընդդիմությունն արդյունքի չհասնի, մենք ոտքի կկանգնենք։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4