Արագացված օրինագիծ ընդդիմադիր հանրահավաքների դեմ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այս օրերին, երբ քաղաքականությամբ ամենաքիչ հետաքրքրվող մարդիկ անգամ համակված են առաջիկա հանրահավաքների ու հնարավոր թե անհնարին իշխանափոխության սպասումներով, ԱԺ եռօրյան քննարկման դրեց կառավարության կողմից հապճեպորեն օրակարգ խցկված օրինագիծը Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին։ Հիշեցնենք, որ 2001 թ. խորհրդարանում նույն կարգի նախագիծը քվորում չլինելու պատճառով չընդունվեց։ Ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, «նոր օրինագծի գլխավոր արժանիքը նրա գաղափարախոսության փոփոխությունն է. այսինքն, հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու համար պարտադիր չէ պետական մարմնի թույլտվությունն ունենալ, բավական է իրազեկել։ Եվ պետական մարմինը, որին հղվելու է իրազեկումը, Երեւանի համար լինելու են քաղաքապետը եւ տվյալ համայնքի ղեկավարը (երկշերտ մակարդակ), մարզերի համարՙ համայնքապետները։
Իրազեկումը ստանալու մինչեւ հաջորդ օրվա կեսօր այս կառույցները պարտավոր են պատասխանել հրապարակային միջոցառման կազմակերպիչներին, այսինքն, օրինագիծը փորձելու է հանրահավաքային միջոցառումներն ապահովագրել ձգձգումներից։
Մնացած բազմաթիվ դեպքերում օրենքը անհասկանալիության աստիճան տարօրինակ խստացումներ ու սահմանափակումներ է նախատեսում։ Կարելիի ու անթույլատրելիի սահմանազատումներն այնքան փխրուն են, որ ցանկության դեպքում ցանկացած պահին հանրահավաքների, ցույցերի, երթերի արտոնումը համայնքապետը կամ քաղաքապետը որեւէ պատրվակով կարող են արգելել։
Օրինակ, հրապարակային միջոցառման մասնակիցներին խստիվ արգելվում է հասարակական գույքին, ծառ ու թփերին, կանաչապատ տարածքներին որեւէ վնաս պատճառելը, ինչը զանգվածային որեւէ միջոցառման դեպքում դժվար է բացառել։ Չնայած այս դրույթը արդարադատության նախարարը լոկ դաստիարակչական որակեց, այնուամենայնիվ, դրա առկայությունը միանգամայն բավարար հող է ստեղծում կամայականությունների համար, հարմար առիթ անցանկալի մասնակիցներին պատժելու համար։
Նույն տրամաբանությամբ արգելվում են երթերն ու ցույցերը պետական հատուկ նշանակության օբյեկտների տարածքում կամ դրանցից 50 մետր հեռավորության վրա։ Սակայն հայտնի չէ, օրինակ, ՀՀ նախագահի նստավայրը դասվո՞ւմ է դրանց շարքում։ Այն շրջափակելու սցենարը եւս ներառվում է ընդդիմության առաջիկա ծրագրերում։ Արդարադատության նախարարը հայտարարեց, թե կառավարությունը դեռեւս չի սահմանել հատուկ նշանակության օբյեկտների ցանկը։ Համենայն դեպս, անկախ այդ սահմանումից, առ այսօր հատուկ նշանակության են համարվել միայն կենսապահովման օբյեկտները, իսկ եթե Մատենադարանն էլ ներառվի դրանց ցուցակում, միտինգավորների գործը բարդանալու է։ Անկախ այս ամենից, նախագահի նստավայրի մոտ ամեն մի հրապարակային միջոցառում, օրինագծի տրամաբանությամբ, հեշտորեն անօրինական կարելի է համարել, քանի որ այն տեղավորված է իսկապես հատուկ նշանակության օբյեկտիՙ մետրոյի հարեւանությամբ, ինչի տարածքում օրինագիծը հստակորեն արգելում է որեւէ միջոցառում։
Տարակուսելի դրույթներից մյուսը վերաբերում է իրավապահների կողմից հրապարակային միջոցառումը դադարեցնելու իրավունքին, եթե կազմալուծում է քաղաքային, հանրապետական երթեւեկությունը, եթե փակում է պետական իշխանության, տեղական ինքնակառավարման կառույցների, մասնավոր տնատիրությունների մուտքն ու ելքը։ Ասել է թե, հանրահավաքների կազմակերպիչները մեծ գլուխկոտրուկի առաջ են կանգնելուՙ փնտրելու նման տարածքներ ու թաղամասեր Երեւանում, որտեղ նման կառույցներ չկան։ Իսկ քանի որ նման բան բացառվում է, մնում է ենթադրել, որ հանրահավաքները, երթերն ու ցույցերը թույլատրելի է կազմակերպել միայն անդրքաղաքային կամ անդրհամայնքային ամայի տարածքներում։
Ուշագրավ է նաեւ, որ այս պահին գործող վարչական իրավախախտումների օրենքի համաձայն վարչական կալանքի դրույթը շարունակելու է կիրառելի մնալ։ Արդարադատության նախարարի մեկնաբանմամբ, այդ դրույթը նախատեսված էր ընդգրկել այս օրենսգրքի փոփոխություններում, սակայն «հաշվի առնելով, որ այդ հարցում դեռ չենք հասել վերջնական եզրահանգումների, եւ քննարկումները փորձագետների հետ շարունակվում են», հանվել է օրենքի նախագծից։
Այսինքն, անկախ եվրոպացիների կոշտ գնահատականներից անցած ընտրությունների ընթացքում կատարված ձերբակալությունների վերաբերյալ, մեր իշխանությունները երկրորդ անգամ մտադիր են նույն գետը մտնել։ Կյանքը ցույց է տալիս, սակայն, որ ոչ միշտ են իրադարձությունները նույն հունով զարգանում, առավել եւս այս դեպքում։