ԲԱՔՈՒ, 29 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը մեծ հույսեր է կապում, որ Ռուսաստանը դրական դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության լուծման գործում։ Այդ մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) ղեկավար Մուրթուզ Ալեսքերովը հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ այսօր կայացած հանդիպմանը։ Նրա կարծիքով, Ռուսաստանը, որը ԵԱՀԿ-ի Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի համանախագահ է, կարեւոր դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում։ «Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը, օգտվելով իր լիազորություններից եւ տարածաշրջանում ունեցած ազդեցությունից, կջանա գտնել այդ հիմնախնդրի արդարացի լուծման ուղիները», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են խաղաղ միջոցներով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը։ «Անհրաժեշտ է խաղաղության հասնել առանց հաղթողների ու պարտվողների», հայտարարել է Բորիս Գրիզլովը։