Հարեւան հանրապետությունում ուշադրությամբ հետեւում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Բաքվի թերթերը հիմնականում հղումներ են անում ՀՀՇ-ական գործիչներին, վերջիններիս տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներին, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններին։
Այսպես, ուրբաթ օրը «Էխո» թերթը հարցազրույց է տպագրել Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի հետ։ Վերջինս ասել է. «Պատերազմն այսօրվա դրությամբ միակ տարբերակն է Քոչարյանի համարՙ ինչ-որ ձեւով լռեցնելու ընդդիմությանը»։ «Մեզ մոտ զորավարժություններ են սկսվել։ Տվյալ պահին, իմ կարծիքով, դրանք ավելի շատ կապված են ընդդիմությանՙ բողոքի լուրջ ակցիաներ սկսելու խոստումների հետ։ Ապրիլի կեսերին սպասվում են բողոքի շարունակական գործողություններ, որոնց նպատակը մեկն է լինելուՙ նախագահի հրաժարականը։ Այսօր քան երբեւէ իշխանություններին պետք է լիովին հնազանդ պահել բանակը։ Կան մտավախություններ, որ ամբողջ գեներալիտետը չի գնա Սերժ Սարգսյանի հետեւից։ Եվ ինչքան շատ մարդ լինի բանակում, այնքան քիչ կլինի ցույցերում։ Եթե Քոչարյանը տեսնի, որ դաժան մեթոդներով բան դուրս չի գալիս, ապա կգնա այդ քայլին (պատերազմ կսկսի)»։
«Էխոն» Հայաստանի ներքաղաքական վիճակն ավելի գունեղ մատուցելու նպատակով մեջբերումներ է արել նաեւ Արտաշես Գեղամյանի եւ Դավիթ Շահնազարյանի արդեն տպագրված հոդվածներից եւ հարցազրույցներից։ Մասնավորապես մի առիթով Շահնազարյանն ասել էր, որ Հայաստանում գործող ներկա չկայացած վարչակարգը չի ձեռնարկում քայլեր ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, այլ հակառակըՙ խորացնում է լարվածությունը։ Շահնազարյանը Հայաստանի ներկա իշխանություններին մեղադրել էր նաեւ «ակնհայտ ազգայնականության» մեջ։
Զարմանալի է, որ իր հոդվածում «Էխոն» այս անգամ վրիպել է եւ չի մեջբերել Շահնազարյանի մեկ այլ մեղադրանքը, ըստ որի իբր թալիբները աշխարհում շրջում են հայկական անձնագրերով։
Շինարարական բուհերի միջազգային ընկերակցության փոխնախագահ է ընտրվել Արեստ Բեգլարյանը
Անցյալ դարի 90-ական թթ. հիմնված այդ ընկերակցությունը սահմանում է ԱՊՀ շինարարական կրթության քաղաքականությունը, ճարտարապետական-շինարարական եւ ճարտարագիտական բնագավառներում մշակում պետստանդարտներ, օրինակելի եւ միասնական ուսումնական ծրագրեր։ Այդ կազմակերպության անդամներ են ԱՊՀ 12 երկրների 152 բուհեր։
Անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած ընկերակցության համագումարում փոխնախագահ է ընտրվել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանը։