«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2004-03-26 | #54, 2004-03-27 | #55, 2004-03-30


ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ, ԺՎԱՆԻԱՅԻ ԵՎ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻ ԴԱՇԻՆՔԸ ՀԱՂԹԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ընդդիմությունը գուցեեւ մտնի խորհրդարան

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի

Ձայների 7 տոկոս սահմանափակումը, Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, հաղթահարել է միայն իշխանական կուսակցությունների դաշինքըՙ հավաքելով 74.9 տոկոս։ Երկրորդ տեղում «Նոր աջերը եւ արդյունաբերողներ» կուսակցությունն է, որ ստացել է ձայների 6.4 տոկոսը։ ԿԸՀ նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել են 1 505 881 ընտրող։ Ըստ ԿԸՀ-ի, քվեարկության նախորդ օրը գրանցվել էր 2266279 ընտրող, այսինքն մասնակցել է 66.45 տոկոսը։ Ընտրողների բարձր ակտիվություն է նկատվել Սամցխե-Ջավախքում, Արեւմտյան Վրաստանի Ռաչայի շրջանում, ցածր է եղել ակտիվությունը Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում։

Նախնական տվյալների համաձայն, խորհրդարանում իշխանական դաշինքի կազմում տեղ կունենան հավանաբար նաեւ 2 հայ պատգամավորՙ Մելիք Ռայիսյանը եւ Վան Բայբուրթյանը։ Արդեն իսկ Վրաստանի խորհրդարանի անդամներ են մեծամասնական ընտրակարգով ընտրված Համլետ Մովսիսյանը (Ախալքալաքից), Հենզել Մկոյանը (Նինոծմինդայից), Հայկ Մելտոնյանը (Ծալկայից)։

Երեկ հայտնի դարձան նաեւ հասարակական կազմակերպությունների իրականացրած զուգահեռ հաշվարկների արդյունքները։ Ըստ այդմ, առաջինը «Ազգային շարժում-դեմոկրատներ»-ն են - 67.78%, ապա «Աջ ընդդիմադիրներ-արդյունաբերողներ, նորեր» - 7.75%, «Դեմոկրատական վերածնունդ» - 6.69%։ Ընդ որում, դիտորդական առաքելությունների զգալի մասի կարծիքով, եղել են բազմաթիվ խախտումներ։

Զուգահեռ հաշվարկի համաձայն, խորհրդարանական համամասնական ընտրություններին բնակիչների ակտիվությունը կազմել է 62.62%։

2003 թ. նոյեմբերի 28-ին Վրաստանի գերագույն դատարանի որոշմամբ անվավեր համարվեցին նոյեմբերի 2¬ի խորհրդարանական համամասնական ընտրությունների արդյունքները։ Ուստի խորհրդարանում, որտեղ մեծամասնական 75 մանդատներ մնացել են զբաղված, համամասնական 150 մանդատի համար ընտրություններին մասնակցեցին 11 կուսակցություն եւ 5 դաշինք։ Ընտրություններին հետեւեցին 450 միջազգային եւ 8000 տեղական դիտորդներ։

Սկզբից եւեթ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների խնդիրներից հատկապես կարեւորվում էին երկուսը։ Իշխանությունները կասկածներ էին հայտնում Աջարիայում քվեարկության եւ ընտրությունների արդյունքների առնչությամբ։ Իրենց ընդդիմություն համարող կուսակցություններն ու դաշինքներն էլ նախապես հայտարարում էին, թե Վրաստանի իշխանությունները աշխատելու են կառավարող կուսակցության համար 90%-ից ավելի ձայն ապահովել։

Դեռեւս մարտի 27-ին Վրաստանի ԿԸՀ նախագահի հայտարարությամբ Աջարիայում տեղական իշխանությունների ներկայացուցիչները փորձել էին վախեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին։ Ուստի երկրի վարչապետ Զուրաբ Ժվանիան Վրաստանի նախագահի հանձնարարականով քվեարկության օրը մեկնեց Աջարիա։ Ասլան Աբաշիձեն նման այցի անհրաժեշտություն չէր տեսնում, համարելով, որ Ժվանիան նախորդ ընտրությունների կեղծողն է եւ չի կարող վերահսկել այս խորհրդարանական ընտրությունների արդարությունն ու ազատությունը։

Ընտրությունների կեղծումներից զգուշանում էին նաեւ ընդդիմադիր կուսակցությունները։ Ընդունելով կառավարող կուսակցության բարձր ռեյտինգըՙ նրանք ամեն դեպքում համարում էին, որ իշխանությունները կփորձեն կեղծումների միջոցով ստանալ ձայների մեծամասնությունը։

Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա լուրջ խախտումներ էին նկատվել Քվեմո Քարթլիի շրջանի 2 տեղամասերում։ Աջարիայում եղել էին դիտորդներին ծեծելու դեպքեր։ Մարտի 28-ին տեղական դիտորդները Թբիլիսիում արձանագրել էին մի ավտոբուս, որ տեղամասից տեղամաս էր տեղափոխում կառավարող «Ազգային շարժում-դեմոկրատներ» դաշինքի ներկայացուցիչներին։ Բաթումում եւ Քոբուլեթում հարձակումներ էին եղել ընտրատեղամասերի վրա, որոշ տեղամասերում էլ ընտրությունները չկայացան։ Տեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամները լքել են տեղամասը, ելնելով սեփական անվտանգության նկատառումներից։

Աջարիայում քվեարկության ընթացքում, ըստ Ասլան Աբաշիձեի, որոշակի խախտումներ արձանագրվեցին։ Ի դեպ, Աջարիա ուղարկված 228 հազար քվեաթերթիկներին քվեարկության օրը ավելացվեց եւս 50 հազարՙ Աջարիայի տեղական իշխանությունների պահանջով։

Զուրաբ Ժվանիան էլ իր հերթին Աջարիայից հայտարարեց, որ ռեգիոնում լուրջ խախտումներ չեն արձանագրվել։ Ըստ Ժվանիայի, որոշ տեղամասերում հանձնաժողովների անդամների վրա հարձակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ ընդհանուր առմամբ, Աջարիայում ընտրություններից Ժվանիան գոհ էր, նշելով, որ մարտի 28-ի ընտրությունները Աջարիայում մեծ հաջողություն էին եւ «անցել են ոչ լայնամասշտաբ խախտումներով»։

Անդրադառնալով հենց քվեարկության օրն իրականացված հարցումներինՙ նշենք, որ մարտի 28-ի ժամը 17¬ի դրությամբ «Ազգային շարժում-դեմոկրատներ» կառավարող դաշինքը ստացել էր 78.6 տոկոս, մնացած կուսակցություններից եւ դաշինքներից ոչ մեկը չէր հաղթահարել 7 տոկոսանոց պատնեշը։

«Աջ ընդդիմադիրներ-արդյունաբերողներ, նորեր» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների կարծիքով, մարտի 28-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Ըստ ընդդիմադիրների, ուշադրությունը դիտավորությամբ էր շեղվում Աջարիայի վրա, իսկ զուգահեռ կատարվում էին կեղծումներ։ Ներկա իշխանություններին մեղադրում է նաեւ «Ազգային դեմոկրատական կուսակցություն-տրադիցիոնալիստներ» նախընտրական դաշինքը, նշելով, որ ամեն ինչ արվել է, որ ընդդիմությունը չհաղթահարի 7 տոկոսանոց պատնեշը։ Ընդդիմադիրների ընդհանուր կարծիքով, զանգվածային խախտումներ տեղի չեն ունեցել, բայց զգալիորեն մեծացվել է ընտրողների թիվը, մասնակցությունը եղել է բավականին ցածր։

Ըստ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու, ընտրությունները դրական էին եւ, ի տարբերություն քվեարկությունից հետո հարցման արդյունքների, «վերջնական արդյունքներով հնարավոր է, որ ընդդիմությունը եւս անցնի խորհրդարան»։ Հարցումների արդյունքներով, կառավարող դաշինքից հետո երկրորդ տեղում գտնվող «Աջ ընդդիմադիրները» ստացել էին 4.8 տոկոս։ Ամեն դեպքում, Սաակաշվիլին ընդդիմության բողոքները անհիմն է համարում։

Կոդորի կիրճի այն հատվածում, որ վերահսկում են Վրաստանի կենտրոնական իշխանությունները, ընտրություններ չեն կայացել, քանի որ վատ եղանակի պատճառով քվեաթերթիկները չեն հասցվել ընտրատեղամասեր։ Երեկ Վրաստանի ԿՀՆ-ն որոշում կայացրեց Կոդորում ընտրությունները մինչեւ ապրիլի 6-ը իրականացնելու մասին։

Հ.Գ. Սաակաշվիլին ափսոսանք հայտնեց, որ իր կինըՙ Սանդրա Ռուլոֆսը չի մասնակցում ընտրություններին, քանի որ նա Նիդերլանդների քաղաքացի է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4