«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2004-03-26 | #54, 2004-03-27 | #55, 2004-03-30


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍԵՐԳԵՅ ԶԱՏԻԿՅԱՆԸ

Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո 79 տարեկանում վախճանվեց հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկըՙ սպորտի վարպետ Սերգեյ Զատիկյանը։ Ավագ սերնդի ֆուտբոլասերները լավ են հիշում անվանի դարպասապահի վիրտուոզ խաղը։ Նա աչքի էր ընկնում իր ակրոբատիկ ցատկերով, դարպասապահի համար կարեւոր արագ ռեակցիայով, պաշտպանական օղակի խաղը կազմակերպելու հմտությամբ։ Սերգեյ Զատիկյանը խաղադաշտում աչքի ընկավ իր ֆուտբոլային երկարակեցությամբ։ 1948 թ. ընդգրկվելով Երեւանի «Դինամոյի» կազմում, Սերգեյ Զատիկյանը մինչեւ 1962 թ. հավատարիմ մնաց հարազատ իր կոլեկտիվին, թեեւ միության շատ ուժեղագույն թիմերից հրավերներ ուներ։ Այդ ընթացքում հանդես գալով Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» թիմերում, անվանի դարպասապահը բազում անգամ փրկել է թիմի դարպասն անխուսափելի թվացող գոլերից։ Հատկապես հիշարժան էր 1954 թ. մրցաշրջանը, երբ Սերգեյ Զատիկյանն իր սպարտակցի խաղընկերների հետ հանդես էր գալիս ԽՍՀՄ առաջնության «Բ» խմբում։ Այդ տարի նա յուրօրինակ ռեկորդ սահմանեցՙ առաջնության 22 հանդիպումներում սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը մեկ գնդակ։ Մեծ էր անվանի դարպասապահի ավանդը նաեւ ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում թիմի հաջող մրցելույթների հարցում, որոնց շնորհիվ «Սպարտակը» հասավ մինչեւ եզրափակիչ։

Ավարտելով ելույթները, Սերգեյ Զատիկյանը երկար տարիներ չբաժանվեց սիրած մարզաձեւիցՙ դարպասապահի վարպետության գաղտնիքները հաղորդելով մատաղ սերնդին։ Անվանի վետերանին հաճախ կարելի էր հանդիպել մարզադաշտում ՀՀ հավաքականի կամ ՀՀ առաջնության հանդիպումներին։

«Ազգի» մարզական բաժինը ցավակցում է հանգուցյալի հարազատներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4