«Ցավոք սրտի, շատերը երաժշտությունն աչքերով են լսում, մեր երգի մեջ բացի շշից շատ ավելի թանկ ու խորը բաներ կան։ Սա նոր, յուրահատուկ խոսք է երաժշտության մեջ, այսպիսի բան դեռ ոչ ոք չի արել», - այսպես բնութագրեց իրենց երաժշտությունը «Արմենիան նեյվի բենդ»-ի դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Դեռեւս 6 տարի առաջ, երբ իր ծննդյան օրը Արտո Թունչբոյաջյանը ԱՄՆ-ից եկավ Հայաստան, սկսեց այստեղ նվագել, մարդիկ միմյանց հարցնում էին. «Տեսել ե՞ս Արտոյին, որ շշի մեջ ջուր է լցնում եւ նվագում դրանով»։ Հետո Արտոն այդ մասին ասաց, որ ինքը ստիպված իր գործիքներն է ստեղծել, քանի որ մեծացել է թուրքական միջավայրում, որտեղ հայերը վախենում էին անգամ հայերեն խոսել, եւ ինքը չէր կարող հայկական գործիքների վրա նվագել սովորել։ «Հայաստան եկա, որովհետեւ միտքս ավանգարդ ֆոլկ ակումբի երաժշտություն կար, ֆոլկը ինձի համար հայությունն է», ասաց Արտոն։ Նա իր լեզուն է ստեղծելՙ արտոերենը, քանի որ Թուրքիայում հայերեն չէր կարող երգել, թուրքերեն չէր ցանկանում։ «Երաժշտությունը ինձի համար իմ կյանքիս ձայնն է։ Ես սովորել են ականջով տեսնել, աչքերով խոսել, բերանով լսել»։
Խմբի անունըՙ «Արմենիան նեյվի բենդ», որ «Հայկական նավատորմի նվագախումբ» է նշանակում, Արտոն հետեւյալ կերպ է բացատրում. «Կրնանք ըսել, որ ան կապված է Կասպից ծովից Սեւ ծովի հետ, Նոյյան տապանի հետ։ Բայց ես ավելի կսիրեմ աս բացատրությունը. ջուր չեղած տեղը նավը կսարքվի միայն մաքուր հավատքի վրա հիմնված»։ Իսկ իրենք խումբը հենց այդ հավատքով են ստեղծել։
Այսօր «Արմենիան նեյվի բենդ»-ը բաղկացած է 12 երաժիշտներից։ Որքան էլ զարմանալի էՙ հայկական քյամանչայի, քանոնի, դուդուկի, զուռնայի կողքին տեղ են գտել տրոմբոնը, ալտ, տենոր եւ սոպրանո սաքսոֆոնները, շեփորը, կոնտրաբասը, հարվածային գործիքները, սինթեզատորն ու դաշնամուրը։ «Այստեղ կա թե՛ ազգայինը, թե՛ մոդերնը, թե՛ ավանգարդը, թե՛ ֆոլկը, սակայն ամեն ինչ շատ ճիշտ է դասավորված, - ասում է Վահագն Հայրապետյանը։ - Աշխարհում սովորել են հանդիսատեսին երաժշտությամբ զարմացնել, սակայն երաժշտությունը վայելելու, լիցքեր հաղորդելու համար է»։
Արդեն երկրորդ շաբաթն էՙ գրեթե ամեն օր «Արմենիան նեյվի բենդ»-ը ելույթ է ունենում Հայաստանի ժուռնալիստների միության շենքի նկուղային հարկում։ Ակումբի ստեղծման հիմնական պատճառը «Արմենիան նեյվի բենդ»-ն էր, կազմակերպողըՙ խմբի ընկեր Արայիկ Տոնեյանը, խմբի մենեջերը գերմանուհի Բրիգիթ Էլինգ Հաուզն է, իսկ շրջագայություններն իրականացնում են Ավստրիական ավիաուղիների միջոցով։
Մինչեւ ապրիլի 11-ը խումբն այստեղ ելույթ կունենա, ապա կմեկնեն Եվրոպաՙ համերգների։ Խմբի անդամները հավաստիացնում են, որ «Արմենիան նեյվի բենդ»-ը դրսում բավականին հայտնի է։ Խմբիՙ արտասահմանյան շրջագայությունների ընթացքում այստեղ համերգները կշարունակվեն, ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երաժիշտներ։ Մասնավորապեսՙ արդեն պայմանավորվածություններ կան աֆրիկյան եւ գերմանական խմբերի հետ։ Բեմն, ըստ երաժիշտների, ցանկացածինն է, ով կկարողանա 3-4 ժամ կենդանի երաժշտություն մատուցել հանդիսատեսին։ Բեմահարթակը ավանգարդ ֆոլկով չի սահմանափակվելու, հնարավոր է, որ այստեղ նաեւ ազգագրական խմբեր հանդես գան, Արամոյի, Էմմայի, Գոգայի կողքին այստեղ կարող է հանդես գալ Աննա Մայիլյանը։ Նրանց կարծիքովՙ կան շատ երաժիշտներ, որոնք արտահայտվելու տարածք չունենալու պատճառով համապատասխան ծրագիր չունեն։
Հետաքրքրական է կապը, որ համերգի ժամանակ ստեղծվում է խմբի եւ հանդիսատեսի միջեւ։ «Կյանքում ամենից կարեւորը մարդկային շփումն է, այլապես մարդ այս կյանքում միայնակ կլինի։ Եղել են մարդիկ, որ համերգի ընթացքում սեղանի վրա պարել են», ասաց Վահագնը։ Արտոն ասում է, որ ժողովրդի 80-90 տոկոսն իրեն հասկանում է, օրինակ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում գիտեն խմբի բոլոր երգերը։
Երբ հարցրեցինքՙ կլինի՞ մի օր, որ Արտոն այլեւս չերգի, նա զարմացավ եւ ասաց. «Լմննաելը ի՞նչ ըսել է, կնշանակի չպիտի ուտես, շունչ չպիտի առնես, չպիտի արթննաս, լույսը չպիտի բանաս, մեկուն բարեւ չպիտի ըսես։ Դուն ինչ ասում ես հիմա ան էՙ մեռնես նե, ի՞նչ պիտի ըլլա։ Բայց չեմ մեռնի, մարմինովս կմեռնիմ, բայց այս չափ մարդիկը ինձի կրնան ապրեցնել»։
Արտոն Մարտունիում հող է գնել, տուն պիտի սարքի։ Ասում է, որ երեւանցիների հետ իրեն հանգիստ չի զգում, երեւանցիները գնահատում են արժեքներ, որ վաղը եւեթ որակազրկվելու են։ Ասում է նաեւ, որ ինքը մի փոքրիկ զինվոր է, բայց մի օր բոլորով մեծ զինվորներ պիտի դառնանք։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ