Հունիսի 17-ինՙ աշխարհի շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը, Ապարան քաղաքի կենտրոնական հրապարակում կկանգնեցվի մեծանուն շախմատիստի հուշարձանը, իսկ հրապարակը կկոչվի նրա անունով։ Նախաձեռնությունը «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանն է, որի ղեկավարներն այս կերպ հարգանքի տուրք կմատուցեն աշխարհահռչակ հայրենակցին։ Մեկ այլ հուշարձան էլ կկանգնեցվի մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքում։
Արձանների համար հայտարարվել է մրցույթ եւ ներկայացվել ութ աշխատանք։
Հուշարձան-կոթողը, համաձայն մրցութային առաջարկի, նախատեսվում է տեղադրել Ապարանի կենտրոնական հրապարակին կից, մոտ 2000 քմ տարածքի վրա։ Այժմ այդ տարածքն ամայի է, սակայն նախաձեռնությունը կյանքի կոչելուց հետո կհիշեցնի շախմատի հսկայական տախտակ, որի մուգ վանդակները կլինեն խոտածածկ, շախմատի դաշտի մի անկյունում կտեղադրվի Տիգրան Պետրոսյանի արձանը։ Հետագայում տարածքը պուրակի վերածելու հնարավորություն կա։
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ... Տիգրան Պետրոսյանցը հայտնեց, որ մրցույթին ներկայացվել է վեց քանդակագործի ութ աշխատանք, սակայն հեղինակների անունները չնշեցՙ տեղեկացնելով միայն, որ բոլորը ճանաչված քանդակագործներ են։ Ըստ նրա, ցուցադրվող աշխատանքները ներկայացված են ծածկագրերով, եւ ժյուրին լավագույն քանդակն ընտրելու է առանց հեղինակին իմանալու։
Ներկայացված աշխատանքներից ժյուրին, փաստորեն, ընտրելու է երկուսը, մյուսը կանգնեցվելու է Երեւանի Դավիթաշեն համայնքումՙ աշխարհահռչակ շախմատիստի անունը կրող փողոցում։ Մինչեւ այս տարեվերջ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացրած հայի հիշատակը հավերժացնող երեք հուշարձան կլինի հայրենիքում։
Մ. Հ.