Որդեգրելով կրթության հանձնաժողովի կեցվածքը, Կիպրոսի Ներկայացուցիչների տունը (խորհրդարան) մարտի 26-ին միաձայնությամբ դեմ է արտահայտվել Մելգոնյան կրթական հաստատությունը 2005 թ. հունիսին փակելու մասին Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչության որոշմանը, Նիկոսիայից հաղորդում է «Ազգ»-ի թղթակից Ջորջ Տեր-Բարթողը։ Խորհրդարանը հանձնարարական է տվել երկրի կառավարությանը եւ Նիկոսիայի քաղաքապետությանը վարժարանի տարածքը հայտարարելու պատմական անձեռնմխելի ժառանգություն, որի դեպքում Մելգոնյան հաստատությունը չի վաճառվի։ Միաձայնությամբ ընդունված որոշման մեջ ընդգծվել է, որ 78-ամյա դպրոցը հանդիսանում է Կիպրոսի կարեւոր կրթական ու մշակութային հուշարձան, որն զբաղվել եւ զբաղվում է հայ երեխաների կրթությամբ եւ ազգային ինքնության պահպանմամբ, հետեւաբար այն ենթակա չէ օտարվելու։
Ինչպես հայտնի է, Մելգոնյանի Սանուց (շրջանավարտների) միությունը գտնում է, որ ՀԲԸՄիության ղեկավարության նպատակն է դպրոցը վաճառել (նախնական հաշվարկներով գնահատվում է շուրջ 40 մլն կիպրական ոսկի, որ հավասար է 80 մլն ԱՄՆ դոլարի) եւ գումարները փոխադրել Նյու Յորք։
Խորհրդարանը դատապարտել է ՀԲԸՄիության որոշումը եւ կառավարությանը հանձնարարել է նաեւ մեծացնել իր նյութական նպաստը դպրոցին։