«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2004-03-26 | #54, 2004-03-27 | #55, 2004-03-30


ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ՈՒՆԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

Համաձայն եգիպտահայ համայնքի կազմական կանոնագրի 8-րդ հոդվածի, Կահիրեի ազգային առաջնորդարանում փետրվարի 21-ին գումարվել է Ալեքսանդրիայի եւ Կահիրեի երկու քաղաքական ժողովների ու կրոնական հանձնաժողովների միացյալ նիստըՙ ընտրելու համար եգիպտահայ թեմի առաջնորդական տեղապահ, որը պետք է զբաղեցնի առաջնորդական թափուր աթոռըՙ բազմամյա սիրված առաջնորդ գերաշնորհ Տ. Զավեն արք. Չինչինյանի մահվանից հետո։ Ըստ այս լուրը հաղորդող Կահիրեի ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւ» օրաթերթի, քվեարկության արդյունքում ժողովը միաձայնությամբ համայնքի առաջնորդական տեղապահ է ընտրել Կահիրեի առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տ. Աշոտ վրդ. Մնացականյանին։

Նորընտիր տեղապահը ծնվել է 1972-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Տաթեւ գյուղում։ 1979-89 թթ. սովորել եւ ավարտել է տեղի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Այնուհետեւ 1989-ին ընդունվել եւ 1995-ին ավարտել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանըՙ որպես ավարտաճառ պաշտպանելով «Հովհան Որոտնեցու կյանքն ու դավանաբանական եւ աստվածաբանական հայացքները» թեման։ 1995-ի հոկտեմբերին ձեռնադրվել է սարկավագ, որից անմիջապես հետո մեկ տարի աշխատել է որպես Մայր աթոռի ձեռագրատան պատասխանատու։ 1996-ի հունիսի 2-ին ձեռամբ Շահե արք. Աճեմյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Եղել է Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի Մայր աթոռի գրասենյակի պատասխանատուն։ 1996-2000 թթ. մասնակցել է Մայր աթոռի քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչական կենտրոնի ուսուցիչների պատրաստությանըՙ դասավանդելով «Հայ եկեղեցվո պատմություն» առարկան։

2002 թ. մարտին պաշտպանել է վարդապետական թեզըՙ «Անառակ որդու առակը հայ մեկնողական գրականության մեջ» թեմայով եւ Օշականում, ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, ստացել վարդապետական աստիճան։ Այնուհետեւ Վեհափառ հայրապետի բարձր տնօրինությամբ ծառայության է անցել եգիպտահայ թեմում, որտեղ անցյալ տարվա հոկտեմբերից նշանակվել է առաջնորդական փոխանորդ։

Շնորհավորելով նորընտիր տեղապահինՙ բեղմնավոր գործունեություն ենք ցանկանում նրան։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4