Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը թեւակոխել է վճռական փուլ։ Հայտնի են մրցանակի համար պայքարը շարունակող 4 լավագույն թիմերը։ Դրանք են նախորդ առաջնության առաջին չորս տեղերը զբաղեցրած թիմերը։ «Փյունիկից» ու «Միկայից» հետո կիսաեզրափակիչ մտան նաեւ «Շիրակն» ու «Բանանցը»։ Գյումրեցիները պատասխան խաղում մրցեցին «Արարատի» հետ, որին առաջին խաղում հաղթել էին 3-0 հաշվով։ Ի պատիվ արարատցիների, նրանք մեծ ճիգեր գործադրեցին հաջորդ փուլ դուրս գալու համար։ Առաջին խաղակեսում արարատցիներին հաջողվեց երկու անգամ գրավել «Շիրակի» դարպասը։ 38-րդ րոպեին հաշիվը բացեց Մհեր Ավանեսյանը, իսկ 3 րոպե անց սերբ Պրեդրագ Բլագոեւիչը 11 մ հարվածով 2-րդ գնդակը խփեց։ Սակայն ավելին անել «Արարատին» չհաջողվեց։ Գյումրեցիները մնացած ժամանակում անառիկ պահեցին դարպասը եւ մտան կիսաեզրափակիչ։
«Բանանցը» հաջորդ փուլ դուրս գալու համար առանձնակի ջանքեր չթափեց։ Առաջին խաղում երկրի փոխչեմպիոնը հաղթել էր «Կոտայքին» (2-1)։ Այս անգամ էլ «Բանանցը» հաղթեց 3-1 հաշվով։ Բոլոր գոլերն էլ գրանցվեցին 2-րդ խաղակեսում։ Հաշիվը 48-րդ րոպեին բացեց «Բանանցի» լեգեոներ Ալբերտ Իսկոյանցը, ապա 20 րոպե անց պաշտպան Արարատ Առաքելյանը 2-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ 7 րոպե անց թիմի մեկ այլ նորեկՙ Արտյոմ Եվլանովը խփեց 3-րդ գնդակը։ «Կոտայքը» հաշիվը «թրջեց» 11 մ հարվածով, որը հստակ իրացրեց Սամվել Պետրոսյանը։ Այսպիսով, ապրիլի 3-ին գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում կմրցեն «Փյունիկ»-«Միկա» եւ «Շիրակ»-«Բանանց» զույգերը։ Պատասխան խաղերը կկայանան ապրիլի 21-ին։