Պարտքի դիմաց Ռուսաստանին որոշ տնտեսական օբյեկտներ հանձնելու իրողությունը «Նեզավիսիմայա գազետայի» համար դարձել է, ինչպես ռուսները կասեին, գայլի կոկորդում մնացած ոսկոր։ Ուզում ես պոռալՙ հե՛ր օրհնած, կամ կո՛ւլ տուր, կամ էլ թքի՛ր, ի՜նչ ես քեզ տանջում։ Անվարան կարելի է ասել, որ այդ երբեմնի հեղինակավոր ու իրոք հետաքրքրական օրաթերթն այսօր դարձել է ամենահակահայկականը Ռուսաստանի ԶԼՄ-ներից։ Ինչքա՜ն կարելի է ծամել այդ փաստը։ Ու առհասարակ ռուս-հայկական համագործակցության ամեն մի էական քայլ։ Ենթատեքստը, դրդապատճառները պարզ են. թերթն ընդգծված հակապուտինական է, ֆինանսավորում է Բորիս Բերեզովսկին, ուրեմն եւՙ ինչ անում է Պուտինը, չի կարող դրական լինել։ Եթե Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություններ են, ուրեմն դրանք պետք է փնովել։ Ահա եւ կարդում ես Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հարցազրույցը եւ նորիցՙ նույն մաղձը։ Մուտքն արդեն այնքան պերճախոս է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չի զգում։ «Վերջին ժամանակներս փորձագետները Հայաստանին քանիցս մերկացրել են այն բանում, որ, օգտվելով Կովկասի տարածաշրջանի քաղաքական բարդ իրավիճակից, նա ջանում է նվազագույն ծախսերով առավելագույն օգուտներ կորզել Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Արժե նշել թեկուզ Մոսկվայի կողմից Երեւանի շուրջ 100 միլիոնանոց պարտքի դուրսգրումըՙ ծանր ժամանակներում թալանված ռազմարդյունաբերական համալիրի 5 ձեռնարկությունների եւ Հրազդանի ՊՇԷԿ-ի հանձնման դիմաց։ Մինչդեռ Երեւանը նոր նախագծեր է ձեռնարկում Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցության շրջանակներում»։
Հարցերն էլ նույն ոգով։ Սակայն ի պատիվ հայոց վարչապետի պետք է նշել, որ նա սադրանքին տուրք չի տվել եւ փիլիսոփայական հանգստությամբ տվել է իր պատասխանները։ Հայավարի ասածՙ շան տեղ չի դրել։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա