ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Միացյալ Նահանգների մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցին հետեւյալն էՙ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ կերպով. դա վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Այս մասին հայտարարեց Եվրոպայում տեղակայված ԱՄՆ զորքերի հրամանատարության պլանավորման եւ քաղաքականության գծով տնօրեն գեներալ-մայոր Ջեֆրի Քոլերը, մարտի 31-ի ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեյջի Բաքվում հայտնած մտահոգությունը Կոսովոյի օրինակով Լեռնային Ղարաբաղում հնարավոր բախումների վերաբերյալ, գեներալ-մայորը նշեց, որ մինչ 2001-2002 թթ. ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հանդեպ, եւ եթե կրկին բախումներ տեղի ունենան շփման գծում, ապա սանկցիաները կվերականգնվեն։
«Մեր համագործակցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հիմնվում է երկու բանի վրա. համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծում», ընդգծեց նա։