«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱՎԸ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ Է»

«Նավապետ» Գեղամյանը խուսանավո՞ւմ է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հնարավոր ներքաղաքական առճակատման դեպքում ինքը եւ ընկերները կանգնելու են «բիրտ ուժի եւ ժողովրդի արանքում, ոչ թե թիկունքով, այլ կրծքով»։ «Ճակատագրի բերումով ես 1990 թ. մայիսի 27-ին հայտնվել եմ նման իրավիճակում։ Եթե այն ժամանակ մեր ջանքերը չլինեին, ապա ոչ թե 17 զոհ կունենայինք, այլ մի քանի անգամ ավելի։ Այդ ամենը տեսած մարդն իրավունք չունի կանխավ հնարավոր զարգացումների մասին չզգուշացնելու լրատվամիջոցներին», ասաց Գեղամյանը։

Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միմյանց հասցեին հնչող հայտարարությունները, սպառնալիքները, անգամՙ «սատկեցնելու» կոչերը հուշում են, որ երկու կողմերն էլ պատրաստ են գնալու մինչեւ վերջՙ վճռական, չի բացառվումՙ արյունալի ճակատամարտի։ Իշխանություններն ամեն գնով փորձելու են սաստել ընդդիմությանը, մինչդեռ ընդդիմությունը չի թաքցնում, որ պատրաստ է վերջնական եւ վճռական ճակատամարտին։

Հարցին, թե հնարավոր չէ՞ բանակցությունների եզրեր գտնել իշխանությունների հետ, Գեղամյանն ասաց, որ երկխոսություն հնարավոր է միայն այն հարթության վրա, որտեղ կարող են քննարկվել «անցնցում» իշխանափոխության հնարավորությունները։ Գեղամյանը երեկ այնքան էլ հստակ ձեւակերպումներ չէր տալիս, այն տպավորությունն էր ստեղծվում, որ նա իշխանական վարչակազմը տապալելու հարցում, այնուամենայնիվ, նախկինի պես վճռական չէր։

Մասնավորապես «անցնցում» ասելով «Ազգային միաբանության» առաջնորդն ակնարկեց երկու հնարավորություն. Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է վստահության հանրաքվե անցկացնելու տարբերակին կամ հայտարարում է, որ անցկացվում են նախագահական եւ խորհրդարանական ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ, եւ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորվում են օրինական իշխանություններ։ Ավելի մանրամասն Գեղամյանը խոստացավ խոսել ապրիլի 5-ին Մատենադարանին հարող տարածքում նախատեսված հանդիպման ընթացքում։

Երեկվա ասուլիսում Գեղամյանի արած հայտարարությունից տպավորություն էր ստեղծվում նաեւ, որ իշխանափոխության մեթոդաբանության հարցում, այդուհանդերձ, որոշակի հակասություններ կան «Ազգային միաբանության» եւ ՀԺԿ-ի կամ «Արդարություն» դաշինքի միջեւ։ Գեղամյանը հստակ նշեց, որ իր եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ համաձայնության գալու հարցում կարեւոր դեր է ունեցել Արամ Սարգսյանը։ «Ոչ միայն Արամ Սարգսյանը։ Մեծ դեր են խաղացել իշխանական լրատվամիջոցները։ Երբ մենք վերլուծեցինք, թե ինչ կատաղությամբ են ամեն ինչ անում, որպեսզի այդ միասնությունը չլինի, եկանք տրամաբանական գեթ մեկ եզրակացությանՙ այն, ինչ չեն ուզում իշխանությունները, կնշանակի շատ է պետք ժողովրդին», ասաց Գեղամյանը։

Լրագրողներից մեկի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե «անցնցում» իշխանափոխություն ասվածն իրեն հիշեցնում է 1998 թ. իշխանափոխությունը։ Գեղամյանը նման որակմանը դեմ է. «1998-ին բոլորովին էլ «անցնցում» չէր, այլ բիրտ ուժի ազդեցության ներքո Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի քաղաքականությունը մենք բացարձակապես չէինք հավանում, հարկադրված էր իշխանությունը հանձնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»։ Իսկ Վազգեն Սարգսյա՞նը. «Վազգեն Սարգսյանը դարձավ այդ խարդավանքների զոհը ոչ թե այդ պահին, այլ մեկ տարի անց»։

Գեղամյանը կտրականապես հերքեց մամուլում տարածվող այն տեղեկությունները, համաձայն որոնց պաշտոն ստանալու դեպքում «Ազգային միաբանության» առաջնորդը կարող է դիմել փոխզիջումների։ Գեղամյանը նշեց, որ վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ փոխելով չի փոխվի համակարգը։ «Մենք կողմնակից ենք, որ քոչարյանիզմ կոչվող համակարգը փոխվի։ Իսկ այդ համակարգի փոփոխության եզակի բանալին ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններն են։ Սա՛ է մեր դիրքորոշումը։ Նման տեղեկություններ տարածողները ղարաբաղյան կլանի վարձու կամակատարներն են։ Որը լրագրող է, որը գրող է, որը չգիտեմ ինչ քյանդրբազությամբ է զբաղված», ասաց Գեղամյանը։

«Ղարաբաղցիներն ավելի շատ են դատապարտում այն քաղաքականությունը, որը որդեգրել են Քոչարյանը եւ Սարգսյանը։ Ղարաբաղյան կլան ասվածը երբեք չի կարելի նույնացնել թե՛ հայաստանցիների, թե՛ ծագումով ղարաբաղցիների հետ։ Ղարաբաղյան կլան ասելով նկատի ունենք այն կլանը, որը գոյացավ Քոչարյանի եւ Սարգսյանի անմիջական ներկայության ներքո։ Ծագումնաբանական հենք այստեղ պետք չէ փնտրել։ ԼՂ ժողովուրդն ավելի է շահագրգռված իշխանափոխությամբ», ասաց Գեղամյանը։

«Ազգային միաբանության» առաջնորդը նկատեց, թե «Դաշնակցությունը գիտակցում է, որ Քոչարյանի եւ Սարգսյանի նավը խորտակվում է», ապա մեջբերեց հայկական թերթերից մեկում տպագրված դաշնակցականներ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի հարցազրույցները, որոնցում «կարմիր թելով գնում էր նրանց պատրաստակամությունը կոմպրոմիսի եւ բանակցությունների» ընդդիմության հետ։ Գեղամյանը անդրադարձավ նաեւ Վազգեն Մանուկյանիՙ իշխանափոխության չհասունացած լինելու մասին հայտարարությանը։ «Ցավում եմ, որ Մանուկյանն այդ աստիճան թերահավատ է նախ եւ առաջ սեփական ուժերի նկատմամբ, երկրորդՙ գերագնահատում է խորտակվող իշխանությունների հնարավորությունները եւ, չգիտես ինչու, թերագնահատում մեր հնարավորությունները», ասաց Գեղամյանը։

Ասուլիսի սկզբում Գեղամյանն ընթերցեց իր կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես նշվում էր. «Պատգամավորական խմբակցությունն այսօր ստացել է ահազանգեր, որ Երեւանի եւ համայնքային ոստիկանությունները ստեղծել են շուրջ 40 այսպես կոչված օպերատիվ խմբեր, որոնց նպատակն է առաջիկա օրերին եւ մինչեւ ապրիլի 5-ի մեր հանդիպումը, «Ազգային միաբանություն» կուսակցության համակիրների շրջանում ձեռնարկել սադրիչ գործողություններ... «ԱՄ» պատգամավորական խմբակցությունը դիմում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. հրահրելով ոստիկանությանը եւ իրավապահ այլ մարմիններին, գործել հակասահմանադրական եւ հակաօրինական ճանապարհով, դրանով իսկ Դուք ավելի եք շիկացնում առանց այդ էլ լարված իրավիճակը»։

Իմիջիայլոց, հիշեցնենք, որ «Արդարություն» դաշինքն ապրիլի 9-ին առանձին հանրահավաք կանցկացնի Սեբաստիա-Մալաթիա համայնքում։ Գեղամյանը հավաստիացրեց, որ իր եւ Դեմիրճյանի միջեւ տարաձայնություններ չկան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4