ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ներքաղաքական կյանքում իրադարձությունները զարգանալու միտումներ են ցուցաբերում, սակայն բովանդակային էությունը նույնն է։ Ընդդիմությունը քանիցս հիշեցնում է իր պահանջը, իշխանությունները վանում են։ Երկուսն էլ խոսում են սահմանադրական կարգը պահպանելու, օրենքի շրջանակներից դուրս չգալու անհրաժեշտության եւ բացառապես այդ տարածքում գործելու հաստատակամության մասին։ Եվ առերեւույթ Հայաստանի քաղաքացիները անհանգստանալու պատճառներ կարծես թե չունեն։ Փոխհրաձգությունն առայժմ արտահայտվում է միայն փոխադարձ վիրավորանքների մեծ կամ փոքր չափաքանակներով, ձերբակալություններով, ապագա արյունոտ բախումների վտանգավոր հեռանկարով։
Կառավարության եւ ԱԺ հարցուպատասխանի օրը իշխանական մարտավարության գլխավոր դերակատարներից երկուսըՙ վարչապետը եւ պաշտպանության նախարարը ներքաղաքական իրականության նույն բնութագիրը տվեցին. այո, որոշակի լարվածություն կա, բայց ոչ այնպիսին, որ սպառնում է երկրի սահմանադրական կարգին։
Սակայն նույնիսկ այդ «թեթեւ» լարվածությունը մարելու մտադրություն իշխանությունները կարծես թե չունեն, քանի որ ենթադրվելիք բանակցությունների ժամանակ ընդդիմադիրները մնում են վճռական իրենց «պահանջատիրության» մեջ. «Մենք ընդդիմության հետ իշխանափոխության ժամկետների ու ձեւերի մասին երկխոսության մեջ չենք մտնի, մենք հրաժարվում ենք իշխանափոխության մասին քննարկումներ կատարել նրանց հետ... մի խումբ մարդկանց հայտարարությունները չպետք է հակադրվեն հիմնական զանգվածիՙ ժողովրդի շահերին», լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
Ենթադրվելիք իշխանափոխությունից հետո նոր վարչապետի եւ կառավարության նոր կազմի վերաբերյալ խոսակցությունները վարչապետը համարում է բամբասանքի ոլորտից։
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դարձյալ կրկնեց, որ վստահության հանրաքվե անցկացնելու ընդդիմության պահանջը օրինական չի համարում, քանի որ եւ «Սահմանադրական դատարանում, եւ եվրոպական կառույցները ժխտել են այդ շինծու առաջարկը»։ Այս առթիվ Արշակ Սադոյանի հայտարարությանը, որ եթե մինչեւ ապրիլի 12-ի կեսօր կոալիցիան չընդունի հանրաքվեի առաջարկը խորհրդարանում, ապա հնարավոր արյունահեղությունների հետագա ողջ պատասխանատվությունը ընկնում է նրա վրա, պաշտպանության նախարարը բավական կոշտ արձագանքեց. «Եթե մեկը ուլտիմատումներով է խոսում իշխանությունների հետ եւ բացեիբաց ասում է, որ արյունահեղություն է լինելու, կարծում եմ, որ իրավապահ մարմինները այստեղ անելիք ունեն»։
Ներքաղաքական կյանքում վերջերս ակտիվորեն շրջանառված իր «տեսնենքՙ ով ում կսատկեցնի» հայտնի արտահայտությունը Սերժ Սարգսյանը մեկնաբանեցՙ «հետեւելով» Վիկտոր Դալլաքյանի օրինակին։ Հիշեցնենք, որ վերջինս բացատրել էր, թե «Ղարաբաղյան կլանի ողնաշարը ջարդելու» մասին ինքը միայն փոխաբերական իմաստով է ասել։ «Իհարկե, ես էլ եմ փոխաբերական իմաստով ասել, եւ ասել եմՙ սատկեցնելու ենք չարագործին, օրենքը խախտողին։ Երեկ էլ մեկը խոսեց ձվեր ջարդելու մասին, կարծում եմ, էլի փոխաբերական իմաստով ասաց։ Բայց կարծում եմ, որ նման փոխաբերական արտահայտություններ լավ կլիներ, որ չլինեին»։
Մի բանում իշխանությունը համոզված էՙ իրենք պարտավոր են պահպանել օրինականությունը, հակառակ դեպքում իշխանություն չեն։ Իսկ որպեսզի իրադարձությունները շատ չհատեն անցանկալիի ու անկանխատեսելիի սահմանը, մինչ իշխանափոխության սցենարի մեկնարկելը կարճատեւ ժամանակաընթացքում էլ «պիտի քրտնաջան աշխատեն ժողովրդի հետ, որպեսզի քիչ լինի այն մարդկանց քանակը, ովքեր ուզում են զոռով իշխանություն փոխել»։