Չէր խանգարի նաեւ հասարակության մասնակցությունը
Անկախ այն բանիցՙ վերջին երկու տարիներին հասարակության որ մասն էր համաձայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներինՙ «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր չտրամադրելու վերաբերյալ, որ մասըՙ ոչ, վերջինիս փակման գործում հասարակությունը մեղավոր է, քանի որ այս ընթացքում ակտիվություն չի ցուցաբերել։ «Սա նշանակում է, որ մենք թույլ էինք, եթե այս 2 տարվա ընթացքում հասարակությունը ուժեղ լիներ եւ ուժեղ պահանջ ներկայացներ, կարող էինք հասնել այն բանին, որ հեռուստաընկերությունը վերաբացվեր։ Դրան հասնելու տարբեր ձեւեր կային», երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Ազգ»-ի այն հարցին, թե որոնք էին այդ ձեւերը, նա պատասխանեց. «Հասարակությունը կարող էր հանձնաժողովի որոշման հանդեպ անհանդուրժողական լինել, տարբեր ակցիաներ կազմակերպել, որ իշխանությունները զգային, որ «Ա1+»-ը չբացելը վտանգավոր է իրենց համար»։
Չնայած այս հայտարարությանըՙ ապրիլի 2-ի երթի եւ հանրահավաքի վերաբերյալ կազմակերպիչներՙ Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի եւ նախաձեռնող խմբի անդամները վստահեցնում էին, որ սա քաղաքական որեւէ նպատակ չի հետապնդում, սոսկ ուղղված է խոսքի ազատության պաշտպանությանը։ «Մենք փողոց ենք դուրս գալուՙ ցույց տալու մեր նվիրվածությունը եւ հաստատակամությունը խոսքի ազատությունը պաշտպանելու գործին եւ ցույց տալու համար, որ մենք դա անելու ենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով, ¬ ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ ¬ Այսօր չենք խոսում քաղաքական համակրությունների, գաղափարական տարաձայնությունների մասին, խոսում ենք խոսքի ազատության իրավունքի մասին»։
«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը միջոցառումն այլ կերպ որակեց. «Ապրիլի 2-ի երթը մեզ համար սիմվոլիկ նշանակություն ունի։ Քաղաքում լուրեր են տարածվում, թե անձնակազմը քայքայվել է։ Ի լուր բոլորի ասեմ, որ մեր անձնակազմի հիմնական կորիզը շարունակում է աշխատել։ Ճիշտ է, վերջին շրջանում մեր կոլեկտիվի ուղղվածությունը մի քիչ թերթային է, բայց դա ժամանակավոր երեւույթ է։ Այսպիսով մեր աշխատանքը պետք է ներկայացվեր նաեւ հանրությանը. մենք դուրս ենք գալիս փողոց, դուրս ենք գալիս հարթակ, այնտեղ ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել այն անօրինականությունների դեմ, որոնք Հայաստանում տեղի են ունեցել», ասաց նա։
Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը բոլոր լրատվամիջոցներին կոչ արեց քաջություն ունենալ եւ գոնե մեկ անգամ սոսկ «Մենք ձեր կողքին ենք» ասելու փոխարեն գալ, միանալ իրենց եւ ապացուցել, որ Հայաստանում կա խոսքի ազատություն։
Կազմակերպիչների խոսքովՙ իրենք խաղաղ երթ են նախատեսում, պատրաստ են անել ամեն ինչ, որ Գրիգոր Լուսավորչի փողոցից Մատենադարանի հրապարակ նախատեսված երթը նորմալ ընթանա, չխոչընդոտի որեւէ մեկի հանգիստը։ Քաղաքապետարանից խոստացել են հասարակական կարգը պահպանել Մատենադարանի տարածքում, իսկ մայթեզրով քայլելու մասին պայմանավորվածությունը ոստիկանության հետ բանավոր խոսակցության ժամանակ է ձեռք բերվել։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ