«Ազգը» տեղեկացրել էր մարտի 30-ին հելսինկյան ընկերակցության նախագահ, միջազգային PEN ընկերակցության, «Գրողները բանտում» կոմիտեի անդամ, իրավապաշտպան եւ լրագրող Միքայել Դանիելյանին ծեծի ենթարկելու մասին։ Երեկ նրա կինըՙ հայկական PEN կենտրոնի նախագահ Աննա Հակոբյանը, ասուլիսում հանդես եկավ հայտարարությամբ, որը խոր մտահոգություն էր արտահայտում դեպքի առնչությամբ։ Տկն Հակոբյանը դեպքը որակեց որպես ահաբեկչություն իրավապաշտպանի նկատմամբ։ Կենտրոնը համարում է, որ «այսօր, երբ հրամայական է դարձել իշխանությունների վարքագծի քննադատությունը մեր հանրապետությունում, PEN-ի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հանդես գալու ազատ մտքերի փոխանակությամբ, ընդդիմանալ խոսքի ազատության ամեն ճնշման դեմ»։ Կենտրոնը նաեւ կոչ է անում իշխանություններին, որոնք «միայն խոսքով են ձգտում ժողովրդավարության, դադարեցնել բռնակալական վարչակարգի հաստատման գործընթացը Հայաստանում»։ Տկն Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ այժմ կատարվածի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, եւ նման անտարբերությունը որակեց իշխանական լծակներիՙ վերեւից ճնշման արդյունք եւ հստակեցրեց, որ Մ. Դանիելյանը որեւէ կուսակցության չի աջակցել, այլ եղել է ազատ խոսքի համար մարտնչող իրավապաշտպան եւ շարունակելու է իր բռնած ուղին։ Իսկ այն հարցին, թե կատարվածը «Էխո» թերթում տպած հարցազրույցի հետ կապ ունի՞, տկն Աննան միանշանակ ասաց, որ շատ թերթեր շատ բան են տպում շատերի մասին, սակայն նման դեպք տեղի չի ունենում, պարզապես փորձում են վախեցնել ու ճնշել ազատ խոսքը, որը նրանց չի հաջողվի, քանի որ արդեն իսկ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ իրենց դժգոհությունն են արտահայտել։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ