ԸԲԸՄ-ը հովանավորում է «Գայանեի» եւ «Անուշի» բեմադրությունները
«Առավոտ» թերթի երեկվա համարում տպագրված Գոհար Հակոբյանի «Միանգամից երկու պրեմիերա» նյութը զարմացրեց, հատկապես այն մասով, որով թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը տեղեկացնում էր, թե «պետությունն ընդամենը 3 մլն դրամով է մասնակցել «Գայանեին», իսկ «Անուշի» համար առայժմ ոչինչ չեն ստացել։ Հասկանալի է, որ 3 մլն դրամ գումարով «Գայանե» բալետը բեմադրելը հնարավոր չէ, եթե անգամ օգտագործվելու են Մինասի արդեն պատրաստ դեկորացիաները։
Առավել զարմացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի խոսքը. «Մինչեւ հիմա սրանից-նրանից գումար ենք խնդրել, բայց այդպես երկար շարունակվել չի կարող։ Երբեմն պատահում են մարդիկ, որոնք ուզում են լավություն անել, սակայն գաղափար չունեն օպերայի ներքին «խոհանոցի» մասին։ Կարծում ենՙ այսօր փողը տվեցին, վաղը կարող են ներկայացում դիտել...»։
Հոդվածից արված այս մեջբերումները կարդալով կարելի է հասկանալ, որ օպերային թատրոնին հովանավորում է ցանկացած մարդ, ասենքՙ Ռյազանի նահանգում գործարարությամբ զբաղվող որեւէ նախկին ազատանցի։ Չգիտես ինչու, կոնկրետ անուններ նշված չեն, թեեւ, ըստ մեր տեղեկությունների, այս երկու ներկայացումներն էլ հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ ՀԲԸՄ-ն այն կազմակերպությունն է, որ ոչ Հայաստանի, ոչ էլ որեւէ ուրիշ երկրի ԶԼՄ-ներով ինքնագովասանական ելույթներ չի ունեցել, գովազդ չի տվել։ «Դրա կարիքը չկա, մեզ հայտնեց ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը, ՀԲԸՄ-ն ամեն ինչ անում էՙ ակնկալելով միայն շնորհակալություն, որպեսզի հետո հնարավորություն լինի մեր դոնորներին համոզել ուրիշ ծրագրերին մասնակցելու եւ հովանավորելու համար»։
Մենք զրուցեցինք նաեւ օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ, որը թյուրիմացություն համարեց «Առավոտի» հրապարակման այդ մասը։ «Մեր «Անուշ» եւ «Գայանե» նոր բեմադրությունները հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ «Անուշի» բեմադրության համար Լուիզ Սիմոն-Մանուկյանը հատկացրել է 40 հազար ամերիկյան դոլար գումար, իսկ «Գայանեի» համար 20 հազար դոլար է հատկացրել բարերար Սիլվա Սահակյանըՙ Լուիզ Սիմոն-Մանուկյանի միջոցով», հաղորդեց Կամո Հովհաննիսյանը։
Արդեն քաղաքում փակցված են նոր ներկայացումների գովազդային վահանակները, որոնց վրա «ՀԲԸՄ-ի» հովանավորության մասին նշում կա։
Ամեն դեպքում «Առավոտի» թղթակիցը պարտավոր էր խոսել հովանավորների մասին հստակ, քանի որ նյութը սկսվում է գումարային մեկնաբանությամբ։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ