Չորսուկես տարի առաջ «Արեգ» հրատարակչությունը լույս ընծայեց Սամվել Գասպարյանի «Հայ-ֆրանսերեն բառարանը», որը բուն Հայաստանի տարածքում հայ-ֆրանսերեն ժամանակակից բառգրքի հրատարակման առաջին փորձն էր։ Գիրքն անթերի չէր եւ կարոտ էր լրացման ու վերամշակման։ Ի թիվս այլ գործերի, կազմողը ձեռնամուխ եղավ տվյալ աշխատանքին։ Եվ այսօր նույն հրատարակչությունն ընթերցողի դատին է հանձնում «Հայ-ֆրանսերեն բառարանի» 2-րդՙ լրացված ու բարեփոխված տարբերակը, որը պարունակում է ավելի քան 50 հազար բառ եւ արտահայտություն, այսինքնՙ նախորդից 13 հազարով ավելի։
Գիրքն ընդգրկում է ժամանակակից հայերենի գրական, ինչպես նաեւ գիտական, հասարակական-քաղաքական եւ տեխնիկական (այդ թվում համակարգչային) տերմիններ ու հասկացություններ։ Ավելացված բառերի մեծ մասն արդի հայերենում եւ ֆրանսերենում, մասնավորապես մամուլում շրջանառության մեջ մտած նորաբանություններ են։ Ինչպես իրավացիորեն նշվում է նախաբանում, «սույն հրատարակությունը շահեկանորեն տարբերվում է իր նախորդից եւ հավակնում է համարվել արդի բառարան»։
Հիմնովին վերանայվել է առաջին հրատարակության ամբողջ բառամթերքը, ինչը թույլ է տվել վերացնել նախորդ տարբերակում տեղ գտած բացթողումներն ու թերացումները։ Միաժամանակ ընդգրկվել են կենցաղային-խոսակցական եւ բարբառային մի շարք բառեր, բույսերի, կենդանիների անուններ, դիցանուններ, առածներ, ասացվածքներ։ Որոշ դեպքերում առկա են հանրագիտարանային տվյալներ։ Ավելացված են մի շարք բառերի նորահայտ իմաստները։ Հարստացված, ինչպես նաեւ հոդավորված է աշխարհագրական տեղանունների ցանկը։ Ցավոք սրտի, բառարան են սպրդել հատուկենտ վրիպակներ («անալի» բառի դիմաց dessale-ի մեջ կա ավելորդ շեշտ, «պատկեր» բառի դիմաց սխալ է image-ի հոդը, «լցակայանի» դիմաց essence-ը տպված է essance, philippin-ը (էջ 532) տպված է մեկ p-ով)։
Նման վրիպակներ առկա են թերեւս բոլոր բառարաններում։ Դրանք չեն կարող նսեմացնել կատարված հսկայածավալ աշխատանքը։ Հիմքեր կան ակնկալելու, որ բառարանի առաջիկա հրատարակությունը կլինի հնարավորինս կատարյալ եւ անթերի։ Վերջում ավելացնենք, որ գիրքը նախատեսված է առավելապես բուհերի ֆրանսիական ֆակուլտետների ուսանողների եւ ֆրանսիական թեքումով դպրոցների բարձր դասարանցիների, ինչպես նաեւ ֆրանսերենի ուսուցիչների, դասախոսների եւ թարգմանիչների համար։
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ