Դյուրրենմաթՙ Երեւանո՞ւմ։ Ի՞նչ է, Ստուրուայի թատրո՞նն է եկել հյուրախաղերի, թե՞ հերթական անտերպրիզ մոսկվացի դերասանների մասնակցությամբ։
...Կայծակնային արագությամբ մտովին պատկերներ սլացան... Ահա Հր. Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնում բեմադրված «Խաղում ենք Սթրինդբերգ» կամերային ներկայացումը, եւ իհարկե, դերասանների հիրավի մի ամբողջ համաստեղություն (Է. Էլբակյան, Խ. Նազարեթյան եւ այլք)ՙ «հավաքած» տիկին Ցախանեսյանի այցի կապակցությամբ 80-ականների «Հեռուստաթատրոնում»... Կասկածանքներով տված «Որտե՞ղ» հարցիս հնչեց. «Երեւանի թատերական արվեստի եւ կինոյի պետական ինստիտուտ «Արար» ուսումնական թատրոնում» պատասխանը։ Մի տեսակ անվստահ համաձայնեցի հրավերին, համոզված լինելով, որ երեկոն իզուր կվատնեմ մի ցուրտ դահլիճում։ Սակայն ամենատխուրը դեռ դա չէր, այլ այն, թե վերջում ինչ պիտի պատասխանեի «Ո՞նց էր» հարցին։
Արվեստի վաստակավոր գործիչ պրոֆ. Նիկոլայ Ծատուրյանին պիես ընտրելու հարցում ինտուիցիան այս անգամ էլ չի դավաճանել։ Ֆ. Դյուրրենմաթը միշտ արդիական է. դրանում համոզվել ենք եւ նախկինում, եւ ներկայումս (թող որ քաղաքագետները որոշեն ու տան ներկայիս ժամանակաշրջանի անունը)։ Բայց «Ավգյան ախոռները»ՙ հին հունական իրողությունը պատկերող մի մեծածավալ գործ լավագույնս բեմադրելու համար պետք է տնօրինել շոշափելի ֆինանսական միջոցների եւ զորեղ դերասանական կազմի, ինչը մեր ժամանակներում նույնիսկ պետական թատրոնի համար էլ դյուրին խնդիր չէ։ Ահա այստեղ է գալիս օգնության փրկարար «մինիմալիստական» ձեւավորման ոճը, ասել կուզիՙ սուղ, ոչ, սղագույն միջոցներով հասնել առավելագույնս արտահայտչականության (բեմադրիչն ազդակներ է տալիս¬ մնացյալը հանդիսատեսի երեւակայության գործն է)։
Ներկայացումը չափազանց դինամիկ է. նույնիսկ աչք թարթելու ժամանակ էլ չկա (ո՞ւմ հայտնի չէ, որ սա հաջողության առաջին գրավականներից մեկն է)։ Այն շահեկան է դարձնում ու աշխուժացնում նաեւ մյուզիքլի տարրերը, հիմնված տարածված հունական մեղեդիների վրա, առանձին դրվագներին ու ծանոթ բեմական ատրիբուտներին (Ավգիասի ամենազոր մկրատը, հին հունական ողբերգությունից փոխ առնված երգչախումբն իր դիմակներով, պատգամավորների «գլուխները» եւ այլն) նորովի հնչեղություն տվող ռեժիսորական լուծումները։
Այս բեմադրությունն, ըստ իս, նաեւ մի հաջողված փորձ է (ցավոք, եզակիներից) հանդիսատեսին ներկայացնել հումորով (փա՜ռք Տիրոջըՙ ոչ գռեհիկ) համեմված մեզ շրջապատող իրողության պատկերը, որը վերջերս բեմերից, չգիտես ինչու, որպես կանոն, մատուցվում է կամ քաղաքական սատիրայի, կամ էլ տաղտկալի ցածրորակ կենցաղային մակարդակի կատակ-ներկայացումների ձեւով։
Դերասանական կազմը, որ բաղկացած է Երեւանի թատերական արվեստի եւ կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողներից (Արվեստի վաստակավոր գործիչ պրոֆ. Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոց), պատվով կատարեց աշխարհահռչակ դրամատուրգի եւ շնորհաշատ բեմադրիչի մտահղացումների համաձուլվածքից սերված առաջադրանքները։ Աչքի են ընկնում հատկապես Ավգիասի (Վարդան Հովսեփյան), Դեանիրայի (Ժաննա Հովակիմյան), Պոլիբիոսի (Կարապետ Բալյան) եւ, անշուշտ, Հերակլեսի (Վազգեն Զաքարյան) դերակատարումները։ Ծավալվող դեպքերին օրգանական հնչեղություն են տալիս մասսայական տեսարաններում զբաղված դերասանները։ Իհարկե, այստեղ ցանկալի կլիներ էլ ավելի ուշադրություն դարձնել բեմական պլաստիկային։
Ներկայացումը շատ «հայեցի է» նաեւ բեմական խոսքի առումով. պարզվում է, որ մեր ուսանողներնՙ ապագա դերասանները ոչ միայն չեն մոռացել, այլ նաեւ լավ են տիրապետում հայերենի մեղեդայնությանը։
Բազմաշերտ այս արարի տեսադաշտից ոչինչ չի վրիպում. միջմարդկային հարաբերությունները, սերը, քաղաքականությունը, սերունդների (ծնող-երեխա) հարաբերությունները, բարոյականության, մշակույթի (եւ նույնիսկ թատրոնի հաճախումների ու տոմսերի չնչին գների ու դրանց առաքման դժվարությունների) հարցերը, «հայրենիք» հասկացողության եւ հայրենասիրության մասին մտորումները։ Ու չնայած այս բարդ, ծավալուն եւ մեզանում շատ ցավոտ ու ըստ արժանվույն ազգովի քննարկման դեռ չարժանացած ու առավել եւս լուծում չստացած խնդիրների արծարծմանը, ներկայացումն, այնուամենայնիվ, լուսավոր է։
Նույնիսկ դյուցազն Հերակլեսի ուժը չի պատում մաքրելու ախոռները, որովհետեւ ամեն ոք «մաքրելը» պետք է սկսի անձամբ իրենից, չապավինելով թե լավուվատ իշխանավորներին, եւ թե եկվոր Հերակլեսներին։
ԼԱՐԻՍԱ ԹՈՓՉՅԱՆ