Կրթակարգի քննարկումները բացահայտեցին մի շարք թերություններ
Հանրակրթության պետական կրթակարգի քննարկումներն ավարտվեցին։ Կրթակարգի բովանդակային մասն առայժմ մի կողմ թողնելով, անդրադառնանք բուն քննարկումների անցկացման թերություններին։ Թերություններ, որոնք, ի վերջո, իրենց ազդեցությունն են թողնում բովանդակության վրա, հնարավորություն չտալով այն բարելավել։ Ընդհանրապես, հարկ է դիտարկել, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանում իրականացնել համակարգային բարեփոխումներՙ ապահովելով հասարակության լիարժեք մասնակցությունը, միաժամանակ զերծ մնալով դիլետանտիզմին տուրք տալուց։
Հասարակության համար առանձնահատուկ կարեւորություն ունեցող ամեն մի փաստաթղթի քննարկման համար գործում է հետեւյալ ձեւըՙ մասնագիտական խումբը գրում, մշակում է նախագիծը, որն այնուհետեւ ներկայացվում է հասարակության դատին։ Սա կարծես թե ապահովում է հրապարակայնությունը, փաստաթղթին հասարակական հնչեղություն է տալիս եւ հնարավորություն ստեղծում կարծիքներ հավաքելու։ Այս առումով նման քննարկումներն անհրաժեշտ են։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք վերեւում, այս կարգն ունի մի շարք բացեր։
Նախ ինչպես անել, որպեսզի շարքային քաղաքացիները, որոնք հաճախ իրենց սահմանադրական իրավունքների հարցերում չեն կարողանում կողմնորոշվել, կարողանան դա անել նեղ մասնագիտական հարցեր քննարկելիս։ Ինչպես անել, որպեսզի մասնագետների նեղ շրջանակը հնարավորություն չունենա հասարակական կարծիքը շրջանցելով ներկայացնելու եւ հաջողությամբ անցկացնելու այն, ինչ ցանկանում է, իսկ հասարակական հսկողությունն էլ լինի որակյալ, այլ ոչ թե դիլետանտական եւ մակերեսային։ Այսինքն, որպեսզի վերջինս դիտարկվի որպես հասարակական փորձաքննություն։ Հարկ է որոնել այդ տարբերակները։ Օրինակՙ նման մի տարբերակ կարող է լինել փաստաթղթի մշակման ընթացքին զուգահեռ հասարակության հետ աշխատանքը։ Մասնագիտական խումբն այս կամ այն հիմնադրույթի առնչությամբ որոշակի կարծիք ձեւավորելուց հետո պետք է այն շրջանառության մեջ դնիՙ լինի դա թերթերի էջերում, թե կլոր սեղանների կամ հանդիպումների ժամանակ։ Դա նշանակում է, որ փաստաթղթի մշակման ամբողջ ընթացքում նախագծի հեղինակները հասարակության հետ շփման մեջ կլինեն, կներկայացնեն եւ կպարզաբանեն իրենց մասնագիտական տեսակետներն ու հիմնավորումները, կտեղեկանան այդ կապակցությամբ հասարակության մտահոգություններին եւ առաջարկներին։ Դրա շնորհիվ վերջնարդյունքում հասարակությանը կներկայացվի արդեն իսկ նրա մասնակցությամբ ստեղծված եւ նրա փորձաքննությունն անցած փաստաթուղթ, որտեղ մեծ փոփոխությունների անհրաժեշտություն այլեւս չի լինի։
Հաջորդը քննարկումների արդյունավետության հարցն է։ Բացի կարծիքներ հավաքելուց, հանդիպումների ժամանակ, որոնց մասնակիցների թիվը երբեմն 100-200 էր հասնում, հնարավոր չէ խոր եւ հանգամանալի բովանդակային քննարկում կազմակերպել։ Այսինքնՙ պետք է լինեն նաեւ այլ, ավելի նեղ շրջանակով քննարկումներ։
Եվ թերեւս մեր հասարակության մեջ ամենատարածված հիվանդությունը, երբ ցանկացած կարծիք արտահայտվում է բացառապես անձնական, խմբային կամ ծայրահեղ դեպքում կուսակցական շահերի տեսանկյունից, առանց որեւէ մասնագիտական խորհրդատվություն հարցնելու։ Տվյալ դեպքում գիտության եւ կրթության նախարարի «Օրինաց երկրից» լինելն արդեն բավարար է, որպեսզի կրթակարգը դիտարկվի որպես այս կուսակցության ներկայացրած փաստաթուղթ եւ քննադատվի միայն այդ պատճառով։ Դա, իհարկե, նախեւառաջ պայմանավորված է «Օրինաց երկրի»ՙ ամեն ինչ սեփականացնելու քաղաքականությամբ։ Ընդ որում, ոչ միայն ընդդիմությունը, այլեւ ներիշխանական կոալիցիայի կուսակցությունները չեն խորշում այս խաղին մասնակցելուց։
Համընդհանուր կասկածամտության մթնոլորտը նույնպես կրթակարգի անկողմնակալ քննարկման էական խոչընդոտներից է։ Մարդկանց գիտակցության մեջ արմատավորվել է այն մտայնությունը, որ իրենց ցանկանում են խաբել։ Այս մտայնությունը հաղթահարելու համար հարկ է, որ գոնե այս անգամ նրանց չխաբեն։
Այս հանգամանքները, կարծում ենք, պետք է նկատի առնվեն այլ, հասարակության համար կարեւոր փաստաթղթերի քննարկման ժամանակ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ