«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ

Ժամանակին խորհրդային դպրոցը լավագույնն էր, տված կրթությունն էլՙ հիմնավոր։ Ժամանակն անցավ, դպրոցն էլ տարավ։ Ինչ որ մնաց, արդեն եկած ժամանակի դպրոց չէր։ Այն էլ, ինչ այսօր կա, ձեւավորման ընթացքում է։ «Հանրակրթության պետական կրթակարգի» նախագիծ է քննարկվում, այսինքնՙ որոշվում է, թե ինչպիսի դպրոց է պետք մեր երկրի բնակչին հիմնավոր եւ ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն տալու համար։ Նշված քննարկման շրջանակներում վերջերս կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը հանդիպում ունեցավ Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի անդամների եւ դասախոսական կազմի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացված 37 դիտողությունների եւ առաջարկների շարքում էին նաեւ տնտեսագիտության ֆակուլտետի դիտողությունները, որոնցում մտահոգություն է հայտնվում, որ հստակ չեն սահմանված նպատակները եւ որպես օրինակ մատնանշում են հետեւյալը. «Ավագ դպրոցում կրթության նպատակն է սովորողների մտագործունեության բարձր մակարդակի ապահովումը, իրադարձությունների եւ երեւույթների համալիր վերլուծություն կատարելու կարողությունների, հմտությունների ձեւավորումը»։ Սա, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի գնահատմամբ, բանականության բոլոր չափանիշներով բուհական կրթության երկրորդ աստիճանի տիրույթում է, այսինքնՙ մագիստրական կրթություն ստացողի կարողությունների թվարկումը։ Իսկ սոցիալական հարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու... կարողությունների եւ հմտությունների ձեւավորման ապահովումն ավագ դպրոցում նպատակ համարելն ընկալվում է միանշանակորեն դեպի գաղափարայնացված ամբողջատիրական հասարակության գնալու փորձ։

Տարրական դպրոցն ավարտողի երեւակայելու ունակությունը եւ օտար լեզուներով լսածը հասկանալու, կարդալու պարտավորությունը, իսկ ավագ դպրոցներում նաեւ օտար լեզվով գերազանցապես մտածելու կարողությունը, նույն ֆակուլտետի վերլուծությամբ, գնահատվել է պարզապես մարդու բնական կարողությունների թվարկումը որպես դպրոցի աշխատանքի արդյունք դիտարկելու փորձ եւ ծրագրում կրկնորդությունների առկայություն։ Իսկ կրկնորդությունների առկայությունը, ըստ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի, պարզապես հանրակրթության պետական կրթակարգի նախագիծը կազմողների համակարգի կոչումը լիովին չգիտակցելով է բացատրվում։ Բացի նշված կրկնորդությունից, որպես սխալ մոտեցում մատնանշվում է նաեւ իրավագիտությունը եւ տնտեսագիտությունը մեկ ընդհանուրՙ հասարակագիտություն առարկայով ուսուցանելը, ինչը, ըստ մասնագետների, էական բացթողում է, որը թույլ չի տա իրավունքի եւ տնտեսագիտության բնագավառում ավագ դպրոցի աշակերտին տալ բավարար գիտելիքներ։

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում եկել են այն եզրակացության, որ հանրակրթական դպրոցի բարեփոխմանը կոչված նախագիծն ինքն արմատական բարեփոխման կարիք ունիՙ նպատակների հստակեցման, միջոցների ընտրության եւ գործողությունների իրականացման տեսանկյունից։ Նոր կրթակարգը գործադրվելու է 2006-07 թթ.-ից։ Իսկ մինչ այդ, նախարարի կարծիքով, ցանկացած ժամանակ հնարավոր է հանրակրթության պետական կրթակարգում փոփոխություններ կատարել։

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4