«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՐԳԸ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՏԱՐՅԱԼ

Մոտ երկու ամիս հասարակության դատին էր հանձնվել «Հանրակրթության պետական կրթակարգի» նախագիծը, որը մշակել է մրցույթով ընտրված աշխատանքային խումբը։ Իսկ թե ի՞նչ պայմաններ են եղել մրցույթի մասնակիցների համար, պարզ չէ, եւ թե ինչո՞ւ է հենց այս խումբն ընտրվել, նույնպես հստակ չէ։ Միայն մի բան է պարզ, որ հանրապետությունում բազմաթիվ դիտողություններ ու առաջարկներ են արվել։

Վահան Թեքեյանի անվան կրթահամալիրում քննարկումներից հետո մանկավարժական խորհուրդը, տնօրեն Անահիտ Խալաթյանի գլխավորությամբ, մշակել է իր դիտարկումները եւ ներկայացրել կրթության նախարարությանն ու աշխատանքային խմբին։ Ստորեւ ներկայացնում ենք դրանք։

¬ Կրթակարգը կրում է հռչակագրային (դեկլարատիվ) բնույթ։ Չեն նշվում իրական մեխանիզմներ, որոնց միջոցով ներկայացվող պահանջներն ու կանխատեսումները կիրականացվեն։

¬ Կրթակարգը նախատեսում է անցում 12-ամյա կրթության, ինչը, բնականաբար, նպաստելու է սեռական կյանքի դպրոց ներխուժմանը։ Ի՞նչ միջոցներով է նախատեսվում դա կանխել։

¬ Կան բազմաթիվ իրարամերժ կետեր, օրինակ, հռչակվում է կրթության շարունակականության ապահովում եւ, միեւնույն ժամանակ, 12-ամյա կրթությունից հետո երեխաների զգալի հատվածի կրթության ընդհատում (զինծառայություն) 18 տարեկանից։

¬ Իրատեսական չեն Հայաստանիՙ կրթության տարածաշրջանային կենտրոն դառնալու կանխատեսումները (էջ 10)։ Նաեւ ռեալ չէ ակնկալել, որ 15-20 տարի հետո աշակերտների 80 տոկոսից ավելին կցուցաբերի միջինից բարձր առաջադիմություն (էջ 8, 3 կետ, 1, 2, 3, 4 ենթակետեր)։ Ի՞նչը պետք է ապահովի տղամարդ ուսուցիչների թվի աճը (էջ 8, 3 կետ, 6 ենթակետ)։

¬ Կրթակարգը հռչակում է հայեցի դաստիարակության գերակայություն եւ միեւնույն ժամանակ պահանջում չդնել ո՛չ ռասայական, ո՛չ ազգային եւ ո՛չ այլ տիպի խտրականություն (էջ 12, 5 կետ, 3, 4 եւ 8 ենթակետեր)։ Հակասությունն առկա է։ Նույնը կրկնվում է էջ 32 ա) ենթակետում։

¬ Աշակերտների գիտելիքների նկատմամբ բերված պահանջներն անհիմն չափազանցված են։ Այսպես, ավագ դպրոցի աշակերտներից պահանջվում է գիտենալ ոչ միայն երեւույթների (բնական, սոցիալական եւ այլն) դրդապատճառները, այլեւ ըմբռնել դրանց էությունը (էջ 28)։ Եթե նկատի է առնվում հարցի փիլիսոփայական կողմը, ապա դա դպրոցական դասընթացի շրջանակներից դուրս է (էջ 28)։ Ավելինՙ աշակերտից պահանջվում է ունենալ այդպիսի երեւույթների վրա ներազդելու մեխանիզմներ։ Վերջինս պարզապես չի կարող դա իրագործել (էջ 14, 7, 8 ենթակետեր, էջ 17 է) եւ ը) ենթակետեր, էջ 58, 59)։

¬ Կրթակարգի մի շարք դրույթներում հռչակվում է մարդու իրավունքների գերակայություն, ինչը գովելի է։ Սակայն պահանջվում է նաեւ զինծառայության կարեւորում։ Այդ պահանջն իրականացնելիս ստիպված կիրառվելու է կրկնակի ստանդարտ։ Ցանկալի կլիներ, որ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու կարեւորության վրա շեշտը դրվեր առանց զինծառայության կոնկրետացման (էջ 16, 9 ենթակետ)։

- ՏՀՏ ներդրումը դպրոցում հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եթե, իհարկե, ունի անմիջական կապ համացանցի (ինտերնետ) հետ։ Ցանկալի է տեղայնացված (լոկալ) ցանցերի (ինտերնետ) ներդրում, որն ապահովված կլինի այլասերված եւ վնասակար ինֆորմացիայից։ Այլապես, բարոյաէթիկական տեսանկյունից ՏՀՏ ներդրումը կպարունակի լուրջ վտանգ։ Անհիմն գերազանցված է ՏՀՏ դերն ի հաշիվ ուսուցիչների (էջ 18, 19)։ Ուսուցիչը չպետք է լինի լոկ ՏՀՏ միջոցներով ուսուցման կազմակերպող։ Հիմնավոր կրթություն հնարավոր է ապահովել միայն անձի հետ անմիջական շփումով, ինչը կրթակարգում հասցվում է նվազագույնի։

¬ Էջ 26, զ) ենթակետի պահանջը մասամբ է հնարավոր կատարել, քանի որ դպրոցի տնօրենն ի զորու չէ ներազդել հասարակության քաղաքական, սոցիալական եւ այլ միտումների վրա։ Դա կարող է դիտվել որպես պաշտոնական դիրքի չարաշահում։

¬ Կրթակարգում (չափորոշիչներում) ոչ մի կերպ չեն արտացոլված ՀՀ կառավարության հռչակած ՀՀ գիտության զարգացման գերակա ուղղությունները (հայագիտություն, նանոգիտություն եւ այլն)։ Ցանկալի կլիներ գիտության այդ ուղղությունների գոնե սաղմնային վիճակով տեղեկությունների ներառում կրթակարգում։

¬ Կրթակարգում բացարձակապես չի խոսվում արտադասարանական պարապմունքների կազմակերպման մասին։ Սա կրթակարգի խոշոր բացթողումներից մեկն է։

¬ Ուսուցիչների արտոնագրման ներկայացված մեխանիզմը ստվեր է գցում մանկավարժի դիպլոմ հանձնող բարձրագույն ուսումնական հաստատության վրա եւ կասկածի տակ առնում մանկավարժի որակավորումը (էջ 97)։

¬ Առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը նույն ձեւով թողնել ուսումնական պլանում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4