«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Սիրելի՛ խմբագրություն, այս բաց նամակը գրում է Ռուսաստանի Չերեպովեց քաղաքի բնակչուհի Ալվարդ Միրզախանյանը (մանկավարժ)։

Մեր ընտանիքն արդեն երկար ժամանակ ապրում է Չերեպովեց քաղաքում։ Մենք ձեր թերթի ինտերնետային փոստի միջոցով հաղորդակից ենք լինում մեր երկրի քաղաքական, մշակութային կյանքին, ցավոքՙ ոչ անմիջական։

Ճակատագրի բերումով մեզ նման շատ ընտանիքներ այսօր ապրում են երկրագնդի տարբեր անկյուններում եւ ժամանակի հզոր ազդեցությամբ ընդունում օտար ժողովուրդների բարքերն ու սովորույթներըՙ մոռանալով մերը, ազգայինը։ Իսկ նոր սերունդն էլ, ապրելով օտար երկրում, խիստ զբաղված ծնողների կողքին, ակամա դառնում է անտարբեր իր երկրի, իր ժողովրդի, լեզվի նկատմամբ։ Նրանց համար այսօր հայերենը չորրորդական լեզու է։ Իսկ ամենից սարսափելին այն է, երբ նրանք հեգնանքով արտասանում են «իմ ինչի՞ն է պետք հայերենը» արտահայտությունը։

Ո՞ւմ է վաղը պարտական լինելու այն երեխան, որ հայերեն խոսում է կցկտուր, մի քանի հայերեն բառ օգտագործում հայախոս լինելու համար։

Բարեկամներս, մի՞թե կարելի է փակել աչքերը կամ մատների արանքով նայել, թե ինչպես է անկախ իր կամքից օտար ազգերին ձուլվում մեր փոքրաքանակ ազգը։ Ի՞նչ են մտածում մեր երկրի ղեկավար այրերն այն բոլոր երեխաների մասին, որոնք ո՛չ իրենց եւ ո՛չ էլ իրենց ծնողների կամքով հայտնվել են օտար երկրումՙ օրվա հացի խնդիրը լուծելու համար, բայց կանգնել են ավելի լուրջՙ հոգեւոր հաց կորցնելու խնդրի առջեւ։ Ի՞նչ է լինելու իրենց վիճակը, երբ վերադառնան հայրենիք։

Մենք գիտենք, որ շատ մեծ քաղաքներում կան գործող հայկական դպրոցներ, բայց ի՞նչ անեն այն երեխաները, ովքեր ապրում են այդ քաղաքներից շատ հեռու, ովքեր զրկված են հայոց լեզվին, գրականությանը, պատմությանը գոնե փոքր-ինչ հաղորդակից լինելու հնարավորությունից։

Եկե՛ք միասին օգնենք այդ երեխաներին ճանաչելու հայոց տառերն ու պատմությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4