«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


ՌՈՆԱԼԴՈՆ ՈՒ ԱՅԼՏՈՆԸ ՇՐՋԱՆՑԵՑԻՆ ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարը նոր ուժով է բորբոքվում

Մարզական հրատարակությունների եվրոպական ընկերակցության սահմանած «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար պայքարում եվրոպական երկրների առաջնությունների հերթական տուրն էական փոփոխություններ մտցրեց։ Բավական ժամանակ լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող «Բանանցի» նախկին հարձակվող Արա Հակոբյանն առաջատարի իր տեղը զիջեց բրազիլացի ֆուտբոլիստներ Ռոնալդոյին եւ Այլտոնին։ Այն, որ վաղ թե ուշ եվրոպական առաջատար երկրների ռմբարկուներին հաջողվելու էր շրջանցել Արա Հակոբյանին, կասկած չէր հարուցում։ Բարձր արդյունավետության եւ 2 գործակցի շնորհիվ եվրոպական առաջատար երկրների ռմբարկուները «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարում հաղթելու ավելի շատ հնարավորություններ ունեն։ Ռոնալդոն Արա Հակոբյանին կարող էր ավելի վաղ շրջանցել, եթե վնասվածքի պատճառով ստիպված չլիներ առաջնության մի քանի հանդիպում բաց թողնել։ Այդ ընթացքում նրա գլխավոր հակառակորդներից եւ ոչ մեկին չհաջողվեց գերազանցել բրազիլացու ցուցանիշը։ Իսկ խաղադաշտ վերադառնալով, Ռոնալդոն դարձավ 2 գոլի հեղինակ եւ այժմ իր հայրենակցիՙ Բրեմենի «Վերդերի» հարձակվող Այլտոնի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Վերջին շրջանում կարծես նշանառությունը կորցրել էր Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու Անդրեյ Շեւչենկոն։ Նա բավական ժամանակ խաղադաշտը թողնում էր առանց գոլի։ Բարեբախտաբար, վերջին հանդիպումներում ուկրաինացի հարձակվողը կրկին վերագտել է իր խաղը, աչքի է ընկնում արդյունավետությամբ։ Անկասկած, նա եւս «Ոսկե խաղակոշիկի» գլխավոր հավակնորդներից է։ Լուրջ մրցակից է հանդիսանում նաեւ «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Թյերի Անրին, որը գերազանց մարզավիճակում է եւ հավասարաչափ ելույթներ է ունենում թիմում։ Աստիճանաբար իր լավագույն մարզավիճակն է ձեռք բերում «Ոսկե խաղակոշիկի» նախորդ մրցույթի հաղթող Ռոյ Մաքայը։ Ճիշտ է, նրան դժվար թե հաջողվի կրկնել անցյալ տարվա ցուցանիշը, երբ խփեց 29 գնդակ։ Սակայն վերջին շրջանում Մաքայը կրկին աչքի է ընկնում դիպուկությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում էլ բարձր արդյունավետությամբ առանձնանում է «Սելթիկի» շվեդ հարձակվող Հենրիկ Լարսոնը։ Նա արդեն 26 գոլի հեղինակ է, ինչը եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրների ռմբարկուների շրջանում լավագույն արդյունքն է։ Սակայն Շոտլանդիայի առաջնության գործակիցը 1,5 է, ուստի «Ոսկե խաղակոշիկին» տիրելու Լարսոնի հնարավորությունները չնչին են։ Ի տարբերություն Լարսոնի, սերբ հարձակվող Մաթեյա Կեժմանն ընթացիկ մրցաշրջանում աչքի չի ընկնում բարձր արդյունավետությամբ։ Ճիշտ է, «Ֆեենոորդի» հարձակվողը 17 գնդակով գլխավորում է Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը, սակայն անցյալ տարվա իր ցուցանիշը (35 գոլ) կրկնել անհնար է։ Ինչ խոսք, մրցանակի հավակնորդներից մեկն էլ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու Ջիբրիլ Սիսեն է, որն արդեն 20 գոլ է խփել։ Ռմբարկուի հատկանիշներով օժտված Ռուդ վան Նիստելրոյն էլ շարունակում է պայքարը մրցանակի համար։ Այդ պայքարում ամեն ինչ կվճռեն ազգային առաջնությունների ավարտական հանդիպումները։ Իսկ այսօրվա դրությամբ «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցուցանիշներն այսպիսին են.

ՖուտբոլիստըԱկումբըԵրկիրըԳոլԳործ.Միավոր
1. Ռոնալդո«Ռեալ»Իսպանիա24248
2. Այլտոն«Վերդեր»Գերմանիա24248
3. Արա Հակոբյան«Բանանց»Հայաստան45145
4. Թյերի Անրի«Արսենալ»Անգլիա22244
5. Անդրեյ Շեւչենկո«Միլան»Իտալիա20240
6. Ջիբրիլ Սիսե«Օսեր»Ֆրանսիա20240
7. Հենրիկ Լարսոն«Սելթիկ»Շոտլանդիա261,539
8. Տոր Հենինգ Համրե«Ֆլորա»Էստոնիա39139
9. Ալան Շիրեր«Նյուքասլ»Անգլիա19238
10. Ռոյ Մաքայ«Բավարիա»Գերմանիա19238
11. Վիկտոր Դոբրեցով«Մետալուրգ»Լատվիա36136
12. Ռուդ վան Նիստելրոյ«Մանչեսթր յուն.»Անգլիա18236
13. Լուիս Սահա«Ֆուլհեմ»Անգլիա18236
14. Դիդյեր Դրոգբա«Մարսել»Ֆրանսիա18236
15. Միստա«Վալենսիա»Իսպանիա17234
16. Սալվա«Մալագա»Իսպանիա17234
17. Ռոլանդ ԿոլմանԳԱԿԱվստրիա221,533

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4