Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներում համառորեն լուրեր էին տարածվում Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության փոփոխության մասին։ Եվ ահա հայտնի է դարձել, որ ակումբի նախագահ Անդրեյ Չերվիչենկոն ազատվել է իր պաշտոնից։ Ակումբի նոր նախագահը պաշտոնապես պետք է հայտնի դառնա ապրիլի 3-ին։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, այդ պաշտոնին հավակնում է ՌԴ ֆուտբոլային միության փոխնախագահ, 78-ամյա Նիկիտա Սիմոնյանը։ Անցյալում անվանի ֆուտբոլիստն ու մարզիչը, որի գլխավորությամբ Երեւանի «Արարատը» 1973 թ. դարձավ Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր, երկար տարիներ հանդես է եկել «Սպարտակում», այնուհետեւ գլխավորել համաժողովրդական սեր վայելող թիմը։ «Գազետա. ռու» ինտերնետային սայթի լրագրողի հետ զրույցում Նիկիտա Սիմոնյանը հաստատել է, որ «Սպարտակի» նախագահ նշանակվելու մասին խոսակցություն ունեցել է «ԼՈՒԿօյլի» ղեկավարության հետ, սակայն խորհուրդ է տվել լրագրողներին չշտապել իրեն շնորհավորելու նոր պաշտոնի կապակցությամբ։