Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 9-րդ տուրն անհաջող էր մեր շախմատիստուհիներից երկուսի համար։ Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով մրցեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, որն իր վարկանիշով 108 մասնակիցների մեջ 3-րդ տեղն է զբաղեցնում (2469)։ Ցավոք, հայ շախմատիստուհին զիջեց մրցակցուհունՙ կրելով մրցաշարում իր անդրանիկ պարտությունը։ Մրցաշարի վերջնագծում կրած այս անհաջողությունը կարող է ճակատագրական լինել Էլինա Դանիելյանի համար։ Վերջինս զիջեց առաջատարի դիրքերը եւ այժմ 6,5 միավորով 6-9-րդ տեղերն է բաժանում Ֆոյսորի, Զիելինսկայայի եւ Սոսկոյի հետ։ Իսկ աղյուսակը 7,5 միավորով շարունակում է գլխավորել Ժաոկին Պենգը, որը դեռեւս չի ճաշակել պարտության դառնությունը։ 9-րդ տուրում Պենգը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իրինա Սլավինայի հետ։ Վերջինս Ալեքսանդրա Կոստենյուկի, Անտոանետա Ստեֆանովայի եւ Նատալյա Ժուկովայի հետ 7 միավորով հետապնդում են առաջատարին։ Ստեֆանովան 9-րդ տուրում հաղթեց Պեպտանին, Ժուկովան առավելության հասավ Արախամիայի նկատմամբ։
Անհաջողության մատնվեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը, որը զիջեց ռուսաստանցի Օլգա Զիմինային։ Մկրտչյանը վաստակել է 5 միավոր եւ արդեն կորցրել է մրցանակակիր դառնալու հնարավորությունը։ Տուրը հաջող էր Նելլի Աղինյանի համար, որը հաղթեց Ելենա Լեւուշկինային։ Աղինյանն ունի 5 միավոր։
10-րդ տուրում Դանիելյանը խաղալու է Ֆոյսորի, Մկրտչյանըՙ Օլարասուի հետ։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Պենգ¬Ժուկովա, Ստեֆանովա¬Կոստենյուկ, Սոսկո¬Սլավինա պարտիաները։