«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ՆՈՐ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ

Մեր հարցին, թե կարելի՞ է հաստատապես ասել, որ «Արմենտելի» մենաշնորհը բջջային կապի եւ տվյալների փոխանակման (միջազգային ելք) ոլորտներում, անկախ միջազգային արբիտրաժի որոշումներից, վերացվելու է, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել էր. «Հունիսի 30-ից հետոՙ այո»։ Իհարկե, դեռ մինչեւ հունիսի 30-ը ժամանակ կա։ Հնարավոր չէ նաեւ ճշգրիտ ասել, թե ինչ որոշում կընդունի արբիտրաժային դատարանը, որի անգամ ոչ պարտադիր բնույթ կրող որոշումը Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն։ Սակայն արդարադատության նախարարի այս, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանիՙ «Արմենտելին» մենաշնորհից զրկելու վերաբերյալ հայտարարությունները վկայում են, որ կառավարությունը իսկապես ցանկանում է այս հարցը հասցնել վերջնական հանգուցալուծման։ Սա, չնայած ուշացած լինելուն, իսկապես դրական եւ մեր երկրում կապի ոլորտի զարգացման համար հույժ անհրաժեշտ քայլ է։ Վերստին ընդգծենք, հույժ անհրաժեշտ, բայց ոչ բավարար։

Իրավաբանորեն ամրագրված մենաշնորհի վերացումը չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է լինի սոսկ առաջին քայլը այս բնագավառում ազատ մրցակցային շուկայի ստեղծման համար։ Ակնհայտ է, որ միայն այս դեպքում վերոնշյալ երկու (բջջային կապ եւ տվյալների փոխանակում) ծառայությունները կզարգանան, ինչը բխում է նաեւ սպառողների շահերից։ Ահա այստեղ է ծագում այսպես ասած հետմենաշնորհային գլխավոր հարցըՙ արդյոք իրավաբանորեն ամրագրված մենաշնորհին չի՞ հաջորդի փաստացի եւ արհեստականորեն ստեղծված մեկ այլ մենաշնորհ։ Մենաշնորհ, որն, ինչպես բոլոր շահութաբեր ոլորտները, Հայաստանում, անպայմանորեն շաղկապված կլինի այս կամ այն գերազդեցիկ իշխանավորի հետ։ Եթե տվյալների փոխանակման ոլորտում այդ վտանգն ավելի նվազ է, քանի որ Հայաստանի ներքին շուկայում արդեն իսկ տվյալ ծառայությունները մատուցող բազմաթիվ պրովայդեր ընկերություններ կան եւ, այնուամենայնիվ, առանց որոշակի մասնագիտական կարողությունների անհնար է այս բիզնեսում հաջողությունների հասնել, ապա նույնը չի կարելի ասել բջջային կապի մասին։

Արդեն իսկ ուրվագծվում է, որ բջջային կապի ոլորտում չենք խուսափելու շաքարավազի ներկրման շուկայում գոյություն ունեցող վիճակից, որտեղ չնայած իրավաբանորեն մենաշնորհ գոյություն չունի, բայց ներկրման 97 տոկոսն իրականացվում է մեկ ընկերության կողմից։ Նույն մամուլի ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարը նշեց, որ իր կարծիքով, այս ոլորտում նպատակահարմար է 1 կամ 2 ընկերության գործունեությունը։ Հիշատակվեց նաեւ վերջերս բջջային կապի ծառայություններ մատուցելու ցանկություն հայտնած ընկերության մասին եւ վերստին ընդգծվեց, որ նրա դիմումը մերժվել է։ Ընդ որում, Դավիթ Հարությունյանը չասաց, որ այդ դիմումը մերժվել է, քանի որ տվյալ պահին գործում է «Արմենտելի» մենաշնորհը, եւ չասաց, որ այս կամ որեւէ այլ ընկերություն կարող է դիմել մենաշնորհի վերացումից հետո։ Թերեւս պատահական չի կարելի համարել արդարադատության նախարարի ասածը կամ չասածը։ Կարելի է ենթադրել, թե ովքեր կլինեն 1 կամ 2 ընկերությունների իրական տերերը եւ թե ինչու չի խոսվում մյուսներիՙ այս դաշտում գործելու հնարավորությունների մասին։

Ամենամոտավոր հաշվարկներով, եթե բջջային կապի բաժանորդներ լինեն Հայաստանի յուրաքանչյուր 100 բնակչից 10-ը, ապա դրանց թիվը կկազմի 300 հազար։ Եթե յուրաքանչյուր բաժանորդից ընկերությունն ունենա առնվազն ամսական 10 դոլարի շահույթ, ապա ամսական ընդհանուր շահույթը կկազմի 3 մլն դոլար։ Իշխանությունները չեն թողնի, որ այս շահույթին փորձի մոտենալ իրենց հետ կապ չունեցող որեւէ ընկերություն, անկախ նրա ներդրումային հնարավորություններից եւ մատուցած ծառայությունների որակից։ Բացի արդարադատության նախարարի մոտեցումից, դրա արդեն անուղղակի ապացույցը մեր հարեւան երկրներում տիրող իրավիճակն է, որտեղ, ճիշտ է, մենաշնորհ չկա, բայց գործում են հիմնականում երկուական ընկերություններ։ Ընդ որում, Վրաստանի խոշորագույն «Մագտի» ընկերության տերը, որն ուներ գրեթե 300 հազար բաժանորդ, նախագահ Շեւարդնաձեի փեսան էր։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4