2004¬2005 թթ. ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններում պետպատվերի շրջանակներում հատկացված տեղերը կկազմեն 4140, իսկ վճարովիներըՙ 5646։ Բացի գիտության եւ կրթության նախարարության համակարգի բուհերից, պետպատվերի 150 տեղը տրված է ոստիկանական ակադեմիային, իսկ 300 ռազմական ինստիտուտին։ Տեղեկացնելով կառավարության ընդունած այս որոշման մասին, գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը նշեց, որ մեծ փոփոխություններ նախորդ տարվա համեմատ չեն կատարվել։ Տեղի են ունեցել որոշակի ներքին փոփոխություններ։ Օրինակՙ օտար լեզուների համալսարանում ավելացել է լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության նոր բաժին։
Նախարարը հայտնեց, որ բոլոր բուհերն անցնելու են երկաստիճան ուսուցման (բակալավրիատ եւ մագիստրատուրա) համակարգի։ Ներկայումս 5 տարվա ուսուցման համակարգում սովորողների վրա այս փոփոխությունը չի տարածվելու։
Նպատակային ուսուցման համար տեղեր են հատկացվելու լեռնային եւ սահմանամերձ գյուղերումՙ մանկավարժներ, սպորտաձեւերի մարզիչներ եւ անասնաբույժներ պատրաստելու համար։ Այս մասնագետների պատրաստումը նույնպես կիրականացվի պետպատվերի շրջանակներում, որոնք ուսումն ավարտելուց հետո պետք է վերադառնան իրենց բնակավայրերը։
Մեկ այլ նորություն է որոշ առարկաներից հանրակրթական դպրոցների եւ միջին մասնագիտական հաստատությունների քննությունների գնահատականները բուհ ընդունվելիս հիմք ընդունելը։
Ա. Մ.