«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


ԿԱՆԽԻՉ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Երեկ երեկոյան մեր թերթը ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնից ստացավ հաղորդագրություն, որը գրեթե անկասկածելի է դարձնում լայնածավալ ձերբակալություններ ձեռնարկելու իշխանությունների վճռականությունը։ Զուգահեռաբար այդ վճռականությունը երեկ շեշտվեց նաեւ վարչապետի եւ պաշտպանության նախարարի խոսքերում, ինչպես նաեւ համապատասխան օրենքի ընդունումով։ Թերեւս ձերբակալություններն արդեն սկսված լինեն երեկ գիշեր, երբ թերթը տպարան էր առաքվում, քանի որ, ինչպես տեղեկացնում է հաղորդագրությունը, մարտի 30-ին արդեն գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 301 հոդվածով ու 318 հոդվածի 2-րդ մասով եւ քննչական վարչությունում արդեն սկսվել է «քրեական գործի նախաքննությունը»։

Հաղորդագրությունն անհասցե չէ, այն ուղված է «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ նրանց հարող անձանց» դեմ, որոնք, միշտ նույն հաղորդագրության համաձայն, «սկսած 2004 թ, փետրվար ամսից, հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւան քաղաքի համայնքներում կազմակերպել են հիմնականում չարտոնված հանրահավաքներ»։ Բացի չարտոնված հանրահավաք կազմակերպելուց, դաշինքի ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները «հրապարակայնորեն վիրավորել են իշխանության ներկայացուցիչներին եւ կոչ են արել բռնությամբ զավթել իշխանությունը, փոխել ՀՀ սահմանադրական կարգը»։

Հաղորդագրությունը չի զլանում նաեւ նշել հնարավոր ձերբակալությունների աշխարհագրությունըՙ Երեւանի Շենգավիթ, Ավան եւ Նոր Նորք, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ, Եղվարդ, Նոր Հաճըն, Նոր Գեղի, Զովունի, Գառնի, Կաթնաղբյուր, Ազատավան, Վերին Արտաշատ, Այգեզարդ գյուղեր, Աբովյան, Հրազդան, Ալավերդի, Թալին եւ Գյումրի քաղաքներ։ Այս վերջին քաղաքում, ինչպես նշում է հաղորդագրությունը, հանրահավաքն «ուղեկցվել է հասարակական կարգի կոպիտ խախտումով, զուգորդվել է այլախոհ քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրմամբ, հասարակական կարգի պահպանության պարտականությունն իրականացնող անձանց (ոստիկանների) դիմադրություն ցույց տալով եւ մարմնական վնասվածքներ պատճառելով»։

Իսկ ինչ է նախատեսվում քր. օր.-ի վերոհիշյալ հոդվածներում։ Մեջբերենք օրենսգրքից։ «Հոդ. 301. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը (...) պատժվում են տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքովՙ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբՙ առավելագույնը երեք տարի ժամկետով»։ Իսկ հոդված 318-ի (իշխանության ներկայացուցչին վիրավորելը) 2-րդ մասով նախատեսվում է, որ ենթական «պատժվում է տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքովՙ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբՙ առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Եվ այսպեսՙ տրված է ազդանշանը, որոշված է «հանցանքի» բնույթը, սահմանված է պատժաչափը։ Ամեն ինչ կատարվելու է «օրենքով», պատժից չեն կարող խուսափել անգամ ընդդիմության պատգամավոր պարագլուխները. խորհրդարանում ուժերի ներկա հարաբերության պայմաններում շատ հեշտ է նրանց անձեռնմխելիությունից զրկելը։ Փաստորեն ընդդիմությանն ուղղված իշխանությունների պատգամը հստակ էՙ «ընտրությունը քոնն էՙ կամ անգործունեություն, կամ կալանք»։

Ո՞վ է պատասխանատուն մեր իրականության մեջ կրկին ու կրկին ստեղծվող այս դիլեմայի համարՙ «կա՛մ, կա՛մ»։ Չկա՞ ուրիշ ելք։ Սպառվե՞լ են առճակատումից խուսափելու բոլոր ելքերը։ Իսկ կողմերը հարցրե՞լ են ժողովրդի մեծամասնությանՙ լո՛ւռ մեծամասնության կարծիքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4