«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2004-04-01 | #58, 2004-04-02 | #59, 2004-04-03


ԱԲԱՇԻՁԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏ ՄՂԵԼՈՒ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԳՐՈՀԸ

Աջարիայում ուժեղացվում է ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտների անվտանգությունը։ Ասլան Աբաշիձեն նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ նախօրեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վրացական բանակին հորդորել էր պատրաստ լինել զինաթափելու առանձին ֆեոդալների մասնավոր ավազակախմբերին։ «Մեր զորքերը պետք է պատրաստ լինեն իրականացնելու ցանկացած գործողություն Վրաստանի յուրաքանչյուր շրջանում», ասել էր Սաակաշվիլին, նկատի ունենալով Ասլան Աբաշիձեի անվտանգության ուժերին։

Աբաշիձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ «արդեն վաղը իրադրությունն Աջարիայում եւ նրա շուրջ կարող է կտրուկ սրվել»։ Աջարիայի առաջնորդը նշել էր, որ Վրաստանի իշխանությունները գնում են զենք, զինամթերք, ուղղաթիռներ եւ ծրագրում Աջարիայի տարածքում հատուկ գործողություններ իրականացնել։ «Աջարիան պաշտպանվելու համար ունի բավարար չափով զենք», ասել էր Աբաշիձեն։

Երեկ Սաակաշվիլին հայտարարել է, որ եկող շաբաթ Բաթում է գործուղելու վարչապետ Զուրաբ Ժվանիային։ «Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել կենտրոնական իշխանությունների եւ Աջարիայի միջեւ իշխանության լիազորությունների սահմանազատման խնդրի շուրջ։ Այս հարցը պետք է մեկընդմիշտ լուծվի», ասել է Վրաստանի նախագահը։

Երեկ Վրաստանի պետանվտանգության աշխատակիցները ձերբակալել են երկու վարձու մարդասպանների, ովքեր իբր Աջարիայի իշխանությունների հրահանգով նախապատրաստվում էին սպանել Սաակաշվիլուն, հաղորդում է «Նովոստին»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4