Սույն թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական լիագումար ժողովըՙ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի։
Օրակարգի եւ նախորդ ժողովի արձանագրության ընթերցումից ու հաստատումից հետո ատենապետությամբ ԳՀԽ երիցագույն անդամներ Տ. Վաչե արք. Հովսեփյանի եւ Տ. Գյուտ արք. Նագգաշյանի ժողովը քննության առավ ազգային-եկեղեցական կյանքին վերաբերող խնդիրներ։
Թեմական հարցերի շարքում Գերագույն հոգեւոր խորհուրդը գոհունակությամբ արձանագրեց, որ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմում ստեղծված անցանկալի կացությունը վերացել է, եւ թեմը գլխավորությամբ առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի կազմակերպում է ազգային-եկեղեցական իր բնականոն կյանքը։
Այնուհետեւ հետեւեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Փարիզի առաջնորդ Տ. Գյուտ արք. Նագգաշյանի զեկույցը Ֆրանսիայում Հայ եկեղեցու թեմական կառույցների վերակազմավորման մասին։ Սրբազան հայրը հայտնեց, որ կանոնադրությունը ներկայացված է Ամենայն հայոց հայրապետին առ ի տնօրինություն։ Գերագույն հոգեւոր խորհուրդում Վեհափառ հայրապետի առաջադրմամբ կանոնադրության ուսումնասիրման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ։
Գերագույն հոգեւոր խորհրդում քննության առնվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Կանադայի Հայոց թեմում հակականոնական թեմական զուգահեռ կառույց հաստատելու խնդիրը։ Գերագույն հոգեւոր խորհուրդն իր վերաբերմունքը խնդրի նկատմամբ արտահայտեց ընդունված հայտարարությամբ։ (Հայտարարությունը կցվում է այս հաղորդագրությանը, տես 2-րդ էջ)։
Ժողովի ընթացքում քննարկվեցին եկող տարի Գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարության եւ Եղեռնի 90-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպական խնդիրներ։ Որոշվեց մասնավոր հանդիսություններով նաեւ նշել Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի վախճանման 10-ամյա տարելիցը։